վրա գտնվելու անասելի դժբախտութիւնն ունէր: XI դարի կէսում սելջուկեան թուրքերը արդէն ողողել էին Պարսկաստանը, Միջագետքը, մինչև Սիրիան: Այդ վայրենի ձիաւորները քարուքանդ էին անում ամեն ինչ, որ հանդիպում էր նրանց ճանապարհին: Նրանց ձիաների սմբակների տակ, ինչպէս ասում է մեր Մատթէոս Ուռհայեցին, մաշվում էին սարերը։ Իսկ ի՞նչ պիտի լինէր դժբախտ մարդկութիւնը: Դա միայն թալան ու աւարառութիւն չէր․ դա մի և նոյն ժամանակ անողորմ կռիւ էր տեղի համար։ Միջին Ասիայ վայրենի օրդուները եկել էին` այլ ևս չը վերադառնալու համար. նրանց հող էր հարկաւոր, ուր նրանք պիտի բնակութիւն հաստատէին։ Իսկ բնակութեան տեղեր նրանք կարող էին մաքրել, բնաջինջ անելով բնիկներին։ Եւ նրանց ետևից տարածվում էին լուռ ու անբնակ անապատներ, ուր յետոյ սկսում էին թափառել այդ յաղթողները իրանց հօտերով, . ինչպէս թափառում էին Միջին Ասիայում։
Քաղաքակրթութիւնը արագ ջնջվում էր։ Նրա աւերակների վրա հաստատվեց սելջուկեան ահագին պետութիւնը։ Բայց թափառական ձիաւորներին չէր տուած պետական միաձոյլ, տոկուն կազմակերպութիւն ստեղծելը: Հէնց որ մեռնում էր քաջ նուաճողը, պետութիւնը կտոր կտոր էր դառնում, և մինչև որ երևան կը գար մի նոր նուաճող, այդ կտորները, իրար հետ թշնամի տեղական բռնակալութիւններ, իրար վրա էին յարձակվում: Պատերազմը դադար չէր առնում, աւերմունքը