շարունակվում էր միշտ, և հարց կարող էր լինել միայն նրա չափերի մասին։
Հայերը այդ ահարկու բաղխումների մէջ կորցրին և այն դիմադրական ոյժը, որ լարված պահել էին դարերի ընթացքում պարսիկների և արաբների դէմ։ Ազգերի այն անդիմադրելի ալիքները, որոնք Արևելքից հոսելով, հեղեղում էին ամբողջ Արևմտեան Ասիան, խլեցին նրանց հայրենի հողից և նրանց տեղի էին տալիս ահաւոր ոյժին, թէ կոտորվելով իրանց հողի վրա, թէ հեռանալով իրանց աշխարհից դէպի զանազան կողմեր։ Հայ ազնուականութիւնը դեռ ամեն ինչ վերջացած չը համարելով, փորձեց Հայաստանի սահմաններից դուրս մի տեղ ընտրել` ազատութեան և անկախութեան համար։ Եւ Ռուբինեան հարստութիւնը Կիլիկիայի բարձունքների վրա իրականացրեց այդ ձգտումը, հաւաքելով իր շուրջը այն տարրերը, որոնք բուն հայրենիքում չէին ուզում կոտորված կամ գերի լինել:
Բայց այդ անկախութիւնն էլ չը կարողացաւ փրկել հայութիւնը։ Մօնգօլօ-թաթարական ալիքները Միջերկրական ծովին էլ հասան և Կիլիկիան շրջապատվեց նոյն թշնամի, նոյն անողոք տարրերով։ Իսկ Միջին Ասիան չէր հանգստանում։ Սելջուկեան արշաւանքից դեռ երկու հարիւր տարի չանցած` գլուխ բարձրացրեց սոսկալի Չինգիզխանը, որ աշխարհի բոլոր պատուանուններին չը հաւանելով, իր փառքի և նշանակութեան համար աւելի արժանի համարեց ընտրել «Աստուծու պաաուհաս» տիտղոսը։ Եւ ճիշտ որ նա ուրիշ բան