երեք նշանաւոր տպագրական գործիչներ, որոնք Ամստերդամում գեղեցիկ գործեր կատարեցին։
Բուն ագուլեցի վաճառականներից հայկական տպագրութեան մեկենաս հանդիսացաւ Խոջա-Նահապետ Գիւլնազարեանը։ Դա էր, որ Սահրատեանի տպարանի փակված տարին, 1687-ին, բաց արեց նոր տպարան իր սեփական տան մէջ։ Գիւլնազարեանը բաւական նշանաւոր վաճառական էր և գործեր ունէր Զմիւռնիայի, Կ․Պօլսի, Հօլլանդիայի, Լիվօրնօի մէջ։ Ինչպէս երևում է, մի մարդ էր դա, որին ամբողջապէս չէին կլանել առևտրական հաշիւները և որ շատ ժամանակ էր գտնում մտածելու իր ազգակիցների մտաւոր շահերի մասին։ Ագուլեցի խօջան իր տպարանով մի արտակարգ և երկարատև գրական ծառայութիւն չը մատուցեց ազգին, բայց այնքանն էլ բաւական է, որ նա աշխարհական ընթերցողների դատի պաշտպան հանդիսացաւ և կարողացաւ մի աշխարհաբար գրքի հրատարակութեան պատճառ, դառնալ։ Այդ գիրքը «Պարզաբանութիւն Սաղմոսաց»-ն է, նրա տպարանի միակ հրատարակութիւնը։
Ապրելով իտալացիների մէջ, նա տեսել էր, որ գոյութիւն ունեն ժողովրդական հանրամատչելի լեզուով գրված գրքեր և ամեն մէկը, վաճառական թէ արհեստաւոր, կարող է իր կարդացածը հեշտ հասկանալ․ մինչդեռ հայերի մէջ գրքերը միմիայն այն դասակարգի. համար են, որ գիտէ գրաբար, այսինքն եկեղեցականների համար։ Դա մեծ զրկանք էր հայ հասարակ ժողովրդի համար, որ այդպիսով հեռու էր քշված գրականութիւնից: