Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/410

Այս էջը հաստատված է

հայրերի առանձին ուշադրութեան, առանձին սէրին արժանացած մի մտաւոր սնունդ էր։

Սակայն ի՞նչ տեսակ սնունդ է դա։ Ամենաթեթև, ամենաներողամիտ քննադատութիւնն անգամ անկարող է հաշտվել այդ պատմուածքի չափազանց արուեստական, միամիտ ձևի հետ։ Իսկապէս դա առակների մի ժողովածու է, առակներ, որոնց մէջ մի շինծու, խեղճ կապ հաստատելու համար յերիւրված է Փոնցիանոսի, նրա կնոջ ու որդու պատմութիւնը։

Դէպքը պատահում է, որպէս թէ, Հռօմում։ Փոնցիանոս կայսրի կինը Դիոկղետիանոս անունով մի որդի է ծնում ու մեռնում. կայսրը որդուն յանձնում է եօթն իմաստասէրներին կրթելու համար, իսկ ինքը ամուսնանում է երկրորդ անգամ։ Երկրորդ ամուսինը, իբրև խորթ մայր, ուզում է ոչնչացնել Դիոկղետիանոսին և ստիպում է իր ամուսնուն բերել տալ նրան եօթն իմաստասէրների մօտից։ Այդ իմաստասէրները աստղագէտներ են․ Դիոկղետիանոսն էլ ուսումնասիրել է այդ արհեստը և նայելով աստղին, հասկանում է, որ ինքը, մեծ վտանգից ազատվելու համար, պիտի եօթն օր անխօս մնայ։ Տանը խորթ մայրը առանձնանում է նրա հետ և առաջարկում է նրան իր մարմինը․ Դիոկղետիանոսը մերժում է և մի և նոյն ժամանակ թագուհուն շրջապատող աղջիկներից մէկի մէջ ճանաչում է ծպտեալ սիրականին, որ ապրում էր նրա հետ։ Այդ մայրը հասկացնում է իր ամուսնուն, թէ որդին կամենում էր իրան բռնաբարել. կայսրը հրամայում է սպանել