Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/411

Այս էջը հաստատված է

որդուն։ Եւ սկսվում է մի մրցութիւն թագուհու ու եօթն իմաստասէրների մէջ։ Թագուհին առակով համոզում է Փոնցիանոսին սպանել տալ որդուն, իսկ եօթն իմաստասէրները հերթով մի մի առակ են ասում և ազատում իրանց աշակերւտին։ Եօթն օր տևում է այդ մրցութիւնը․ կայսրը կամ իր կնոջն է լսում կամ իմաստասէրներին․ եօթն օրից յետոյ խօսում է Դիոկղետիանոսը, մի մեծ առակ է պատմում և խայտառակում է խորթ մօրը, մերկացնել տալով նրա ծպտեալ սիրականին։

Թէև այսքան խեղճ ու աղքատիկ գրական գործ է «Եօթն Իմաստասիրաց» պատմութիւնը, թէև նրա մէջ շատ ու շատ բան առասպելական է, անբնական, հիմնված հին մարդու սնոտիապաշտութիւնների և մանաւանդ դիւրահաւանութեան վրա, բայց չէ կարելի ընդունել նրան իբրև մի գրական երևոյթ մեր մէջ, որ ոչինչ ուշադրութեան արժանի չը լիներ։ Դա առաջին աշխարհական վեպն է — այսքանն էլ բաւական է, որ մենք կանգ առնենք նրա առաջ։

Մեզանում, գրականութեան սկսված օրից, տիրապետեց խիստ կրօնական ուղղութիւն․ մենք ունեցանք շատ գրողներ, բայց դրանց մէջ չը գտնվեց մէկը, որ տար մի պատմուածք, մի վէպ աշխարհիկ կեանքից։ Եւ սա մեր, հայկական մի առանձնահատկութիւնն է։ Չէ կարելի ասել, թէ մենք աւելի կրօնամոլ, աւելի կղերական էինք՝ քան, օրինակ, բիւղանդական շրջանի յոյները․ և սակայն բիւզանդացիները ժամանակ էին գտնում նաև աշխարհիկ գրականութեան ծառայելու, իսկ