միտք, ի՞նչ գործունէութիւն մի այնպիսի ժամանակ, երբ ամբողջ ժողովրդի «լինել չը լինելը» կախված էր նրա վրա թագաւորող սրի մի քմահաճ շարժումից։ Երբ դարաւոր ճակատագրի պէս թագաւորում է ընդհանուր յուսահատութիւնը, երբ մարդը իր ուսերի վրա ապահով գլուխ չունի, երբ սերունդներ սերունդների ետևից ստրուկ են ծնվում և իբրև ստրուկ կազմում են այն հաւատը թէ մեծ բարերարութիւն է և այն, որ իրանց թոյլ են տալիս օդ շնչել, երբ շուրջը քար քարի վրա չէ մնում և չը կայ ոչինչ բան, որ հաստատէ թէ լուսնի տակ լինում է և կարող է լինել իրերի մի հաստատ դրութիւն, մի տևողական կարգ, մի տէր, մի հրամայող, - այդպիսի ժամանակ մարդուն միայն անասնական կեանքն է հասկանալի մնում, և նա իր բոլոր բնազդները, իր ձգտումները լարում է միայն իր անճար գլուխը որ և է կերպով պահելու–պահպանելու համար․․․
Բայց այդ դրութիւնն էլ չէր փրկում հային։ XIV դարի վերջին քառորդում այն երկիրր, որ Չանգիզ-խան էր տուել, դէպի արևմուտք ուղարկեց մի ուրիշ պատուհաս։ Դա Լէնկթիմուրն էր, մի հաւատացող, ջերմեոանդ մահմեդական, որի փայլուն նուաճողական ընդունակութիւնները պատմութեան մէջ սարսափից աւելի յարգանք են վաստակել։ Մեր ժամանակներում անգամ, երբ մարդկայնութեան սկզբունքն է պաշտվում քաղաքակիրթ ազգերի մէջ, Թիմուրին աշխատում են ներկայացնել իբրև մի մեծ անձնաւորութիւն, զինուորական մի հանճար, իբրև մի ասպետ, որ սիրում