Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/424

Այս էջը հաստատված է

վրա չը մնալ. Մատթէոսը իր հմտութիւնն էր մէջ բերում, քահանան իր գրագիտութիւնը, վաճառականը իր դրամը։ Բայց ընկերութիւնը շուտով քայքայվեց և Վանանդեցին մենակ ու անօգնական մնաց օտար երկնքի տակ, մի դրութիւն, որին ենթարկված էին նրանից առաջ եղած բոլոր հայ տպագրիչները։ Եւ նա ստիպւած եղաւ վերադառնալ հայրենիք, գուցէ հէնց յատկապէս այն նպատակով, որ մարդիկ գտնէ իր թողած գործը շարունակելու համար։ Այդ ժամանակ Թովմաս վարդապետը արդէն Գողթան գաւառի եպիսկոպոս էր. նրան դիմեց Մատթէոսը, համոզեց թողնել եպիսկոպոսական աթոռը, անցնել Եւրօպա և ձեռք առնել հայ տպարանը։ Այդպիսի մի հրաւէրով էլ մի ժամանակ, ինչպէս գիտենք, Ղլիջենց Աւետիսը դիմեց իր եղբայր Ոսկան վարդապետին։

Եւ Թովմաս եպիսկոպոսը մի նոր Ոսկան հանդիսացաւ. նա տուեց իր համաձայնութիւնը և ծեր հասակում անդառնալի պանդխտութեան գաւազանը վերցրեց, չը նայած որ սաստիկ սիրում էր իր գեղեցիկ Վանանդը, Գողթնը: Որ Մատթէոսը գնացած է եղել հայրենիք, այդ երևում է նոյն իսկ Թովմաս եպիսկոպոսի վկայութիւնից (Մովսէս Խորենացու Պատմութեան յիշատակարանի մէջ). նա ասում է թէ նախ քան իր Եւրօպա ուղևորւելը, ինքը Ամստերդամ ուղարկեց Մատթէոսին, որպէս զի հարկաւոր պատրաստութիւնները տեսնէ։ 1695-ին Ամստերդամի տպարանը վերսկսում է իր գործունէութիւնը Թովմաս եպիսկոպոսի ղեկավարութեամբ։ Բայց նա, ի հարկէ, այդ թւականից