ազդեցութիւնն է երևում նրա հայերէնի մէջ, որ ազատ չէ լատինացրած հայերենի ձևերից ու մթութիւնից․ այդ ազդեցութեան մի նշանն էլ այն է, որ Ղուկասը իր ստացած կրթութեամբ աւելի կրօնական մարդ էր, քան աշխարհական:
Բայց այս հանգամանքը արգելք չեղաւ, որ Թովմաս եպիսկոպոսի տպագրական ընտնիքը սկսէ իր գործունէութիւնը մի հրատարակութեամբ, որ ընդհանուր կրթական նշանակութիւն ունէր և ուղղակի հետևանք էր աշխարհային, գործնական այն պահանջի, որ պահպանում էր մեզանում վաճառականութիւնը։ Այս պահանջը մի խոշոր գործօն էր մեր գրական առաջադիմութեան համար և մենք չը պիտի անտես անենք նրան։
Նոր ժամանակը հայերի մէջ էլ էր մտցնում իր հովերը, թէև շատ դանդաղ, շատ աննկատելի կերպով։ Որքան էլ հայը թշուառ ու կղզիացած լինէր ասիական աշխարհի մի անկիւնում,բայց նա էլ իր գաղթականութիւնների, իր առևտրական դասակարգի միջոցով շփվում էր լուսաւորված աշխարհի հետ և նրա համար էլ գոյութիւն ունէին այն հարցերը, որոնք արդէն վճռվել էին Արևմտեան Եւրօպայում, ստեղծելով նոր ժամանակի ոգին, որ վերջ դրեց միջին դարերի խաւար տիրապետութեան։ Կեանքի և մահվան հարց էր դրված և մեր գրականութեան առաջ, ինչպէս դրված էր եւրօպական գրականութիւնների առաջ XV և XVI դարերում-կամ փտել, ոչնչանալ, մնալով բացառապէս կրօնական-սխօլաստիական, կտրված կեանքից ու իրականութիւնից, կամ վերանորոգվել, դառնալ կեանքի, աշխարհի, մտածող և ապրող մարդկութեան գրականութիւն։