Սակայն ի՞նչպէս պիտի կատարվէր մեզանում այդ փոփոխութիւնը: Արևմտյան Եւրոպայում կղերական ուղղութեան ջախջախողը այն ինտելիգենցիան էր, որ առաջ եկաւ Վերածնութեան դարում, հրատարակեց անհատի ազատութիւնը, բարձրացրեց մարդու արժանաորութիւնը, փոխեց դպրոցի, դաստիրակութեան վանական սիստեմը և դաւանում էր թէ «Իսկական մարգարէները այն աչքերն են, որոնք ուշադրութեամբ ուսումնասիրում են ամբողջ շրջապատը», այսինքն թէ մարդը երկնքի խորքերում և կրօնական աւանդութիւնների մէջ չը պիտի որոնէ իր իրական երջանկութիւնը, այլ իր հողի վրա, իրան շրջապատող բնութեան, վերջապես իր անձի մէջ: Դա մի ահագին շարժում էր, որ առաջ բերեց մրցութիւն, ընդհանում, պայքար կամ, ուրիշ խոսքերով, այնպիսի իրարանցումներ, որոնց մէջ կռում կոփվում են գաղափարները և յաղթական գնացքով տարածվում են կեանքի մէջ:
Մեզանում չը կար այդ երևոյթը և չէր էլ կարող լինել այն դառն պայմանների շնորհիւ, որոնք մեզ էին վիճակված: Մեզանում XVII դարն էլ դեռ միջին դարերից մէկն էր, մինչդեռ միջին դարերից ազատված Եւրոպան այնքան առաջ էր գնացել, որ ուներ Շէքսպիրներ, Մօլիէրներ, Սերվանտեսներ, Միլտօններ: Մեր իրականութեան մէջ, ուր վանական խղճուկ մթնոլորտն էր տիրում, մէկ էլ մահմեդական զզուելի լուծը, ի հարկէ, տեղ չը պիտի լինէր փոքր ի շատէ նշանաւոր տաղանդի համար, բայց ներելի պիտի լինէր