չի լինի: Մի շատ պերճախօս փաստ, որ պիտի ծակէր հայ վաճառականի կաշին։ Բայց կայ աւելի լաւը։ Սեղանակիցներից մի ուրիշը բերում է այսպիսի մի ասացուածք, որ նա լսել է Եւրօպայում․ «Այսօր հայր ոչ թուր ունի, ոչ գրիչ, ուրեմն նրան խարբալելու ժամանակն է»։ Ո՜րքան գեղեցիկ կերպով է արտայայտված այս խօսքերի մէջ հայի դժբախտ, յուսահատական ճակատագիրը․ ճիշտ որ մի ազգ իր կենդանութեան համար համ թուր պիտի ունենայ համ գրիչ, այսինքն կորով և առաջադիմութիւն, ֆիզիքական և մտաւոր ոյժ: Հայը զուրկ էր երկուսից էլ, ուրեմն նրան հեշտ էր մաղել, տակն ու վրա անել։
Ահա ինչ դառն ճշմարտութիւններ գիտէին հայ վաճառականները։ Բայց ի՞նչպէս էին նրանք վերաբերվում այդ ճշմարտութիւններին։ Երրորդ սեղանակիցը վերջ է տալիս եւրօպացիների և հայերի մասին եղած խօսակցութեան այսպէս. «Թող ինչ կուզեն` ասեն. ինչպէս որ Աստուած զմեզ ստեղծել ա` էնհէնց ենք. ոչ էնդոնք, գիտեն զմեզ փոխել, ոչ մեզ հաջաթ ա էնդունց ղարշու խօսել։» Շատ բնորոշ վերջաւորութիւն․ և հայ վաճառականը ուրիշ կերպ չէր էլ կարող վերաբերվել դրութեան, որովհետև նա ամենից առաջ վաճառական էր, նրա գործը փողն էր, հաշիւը, նա պատասխանատու չէր այն հանգամանքի համար, որ նոյն իսկ այնպիսի մէ հասարակ իրողութիւն, թէ Հայաստանում շատ տեսակ խաղողներ են լինում, ընդունելի չէ Եւրօպայում և այդ այն պատճառով, որ այդ հանգամանքը պատմողը մի տգէտ ազգ է: