էր նուաճումները ի փառս Ալլահի, և իսլամական ուղղափառութեան պահապանն էր։ Բայց ինչ կերպարանք էլ տան այդ մարդուն, միշտ անհերքելի կը մնայ այն սարսափելի փաստը, որ նա մօնգօլական երկրորդ աշխարհաւեր արշաւանքի առաջնորդն էր և նրա ոտների տակ ջնջվում էր մարդկութիւնը, ահռելի գերեզմանոցի էր փոխվում աշխարհը։ Ջերմեռանդ միւսիլմանին թուրքական արիւնը բոլորովին չէր արգելում դիակներով ծածկել և մահմեդական երկիրները, բարձր աշտարակներ կազմել մահմեդական գլուխներից։ Կոտորվողները տասնեակ հազարներով էին հաշւում։
Հայաստանը մի քանի անգամ ենթարկվեց այդ զարհուրելի մարդու հարուածներին․ հայի արիւնը գետեր ու լճեր կազմեց։ Բայց ի՞նչ յանցանք ունէր այդ դժբախտ ժողովուրդը։ Այն միայն, որ նրա երկրում տիրում էր Կարա-Կօյունլու թիւրքմէն ցեղը, իսկ այդ ցեղի գլխաւորը չէր ուզում հպատակվել Լէնկթիմուրին։ Հայի համար վաղուց մի և նոյն էր դարձել թէ ով կը լինի իր վրա տիրողը, ով կը լինի նրան կեղեքողը։ Բայց այս անտարբերութիւնն էլ ոչինչ նշանակութիւն չունէր նրա թշուառութիւնը թեթևացնելու համար։ Թիւրքմէն ցեղը դիմադրութիւն ցոյց տուեց Թիմուրին, և այդ պատճառով հայաստանը դարձաւ մի անսահման սպանդանոց։ Եւ ականատեսը մրմնջում է․
Լոյս իմ քաղի, սիրտըս ճմլին,
Քանզի աչօք իմ տեսանին