այդ մարդկանց․ կար մի ուրիշ նշանաւոր ձեռնարկութիւն էլ որ լոյս հանվեց «Համատարած Աշխարհացոյցի» հետ միաժամանակ։ Եւ դա Մովսէս Խորենացու հռչակաւոր պատմագրութիւնն էր։
Հարիւր ութսուն և երկու տարի էր անցել այն օրից, երր առաջին հայերէն գիրքը մտաւ Գուտենբերդի մամուլի տակ, իսկ Խորենացին նոր միայն էր արժանանում տպագրութեան։ Ո՜րպիսի անուշադրութիւն։ Տպագրվեցին բազմաթիւ այնպիսի գրքեր, որոնք կարող էին և չը տպագրվել. տպագրվեցին քաղկեդոնական անհամ վէճերին նւիրված հատորներ, որոնք ոչինչ չէին ապացուցանում և ոչ ոքին չէին համոզում․ իսկ Խորենացին մոռացված էր․ և Թովմաս եպիսկոպոսը վկայում է, թէ իր ժամանակ հայոց պատմահայրը դժուար էր ճարվում․․․ Հազիւ թէ սրանից աւելի պերճախօս փաստ լինի` այդ խեղճ դարերը բնորոշելու և հասկանալու համար։ Եթէ մեզանում լինէր ինքնաճանաչութիւն, եթէ մենք ստրուկ ու խաւար մի ժողովուրդ չը լինէինք, Խորենացու պատմագրութեան պէս մի հեղինակութիւնը տպագրական առաջին գործերից մէկը կը լինէր, բայց մենք «Աղթարքների», «Երազահանների», եզուիտական աստուածարանութիւնների մի քանի տպագրութիւններից յետոյ միայն ձեռք առանք Խորենացուն։
Զարմանալի ճակատագիր է վիճակված հայոց Հերօդօտին։ Նա երկու տեսակ զգացմունք է ներշնչել իր գրքով—կամ խորին ատելութիւն ու հալածանք կամ հիացմունք և երկրպագութիւն։ Հին