Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/438

Այս էջը հաստատված է

նստած հարուստ գրադարանի մէջ, շրջապատված աղբիւրների առատութեամբ, հեշտ գտնում է Խորենացու սխալները, մանաւանդ այն դէպքերում, երբ նրա տուած տեղեկութիւններն ու թւանշանները չեն համաձայնում արտաքին պատմագրութիւնների հետ։ Բայց հարց է․ ինքը Խորենացին էլ ունե՞ր այդ բոլոր յարմարութիւնները այն հին ժամանակներում, Հայաստանի մի վանքի մէջ։— Ի հարկէ, ոչ։ Հարկադրված լինելով դիմել երկրորդական, կասկածելի աղբիւրների, ունենալով իր առաջ ազգային կցկտուր աւանդութինների, առասպելների, երգերի մի խառն կոյտ, նա այնքան հեղինակական հոտառութիւն, քննադատական մեծ կարողութիւն ունէր, որ դասաւորեց հնար եղածին չափ ընտրութիւն անելով, զանազանեց պիտանին անպիտանից, պատմական հաւաստիութիւն ունեցող նիւթերը շահագործեց զգուշութեամբ։

Մենք այժմ չենք կարող երևակայել անգամ այն ազդեցութիւնը, որ գործած պիտի լինի այդ պատմութիւնը, երբ դուրս գալով ծերունի հոգևորականի խուցից, մատչելի դարձաւ ժողովրդին։ Եթէ չը մոռանանք, որ ազգերը իրանց վերածնութեան միջոցին ամենից առաջ իրանց պատմութիւնն են որոնել, եթէ աչքի առաջ ունենանք, որ ինքնաճանաչութեան, գիտակցութեան առաջին պայմաններից մէկն է իմանալ, թէ ինչ էր մի ժողովուրդ երէկ, անցեալ օր, որտեղից է գալիս նա և ուր է գնում, ինչ ազդեցութիւններ է կրել ընդհանուր պատմութեան ասպարէզում,—այն ժամանակ հեշտ կը լինի ընդունել, որ հայ ժողովրդի