Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/441

Այս էջը հաստատված է

մոռացութեան փոշիների մէջ և որը Թովմաս Վանանդեցին տպագրութեամբ վերակենդանացրեց XVII դարի վերջում: Թովմասը զգաց, որ «անտանելի աղետ» է Խորենացու գրքին վիճակված այդ մոռացումը. նա իր համար առանձին երջանկութիւն յայտարարեց այն, որ իր տպագրական գործունեութեան իբրև առաջին պտուղ տալիս է ազգին այդ պատմագրութիւնը: Ընթերցողին ցոյց տալու համար, թէ ինչ է նոր աշխարհ եկող այդ գանձը, նա դրեց գրքի վրա մի այսպիսի երկար վերնագիր սև և կարմիր տառերով. «Ազգաբանութիւն տոհմին Յաբեթեան, յորինեցևալ ի Մովսեսէ Խորենացւոյ, յեռամեծ վարդապետէ յոգներախտ անզգայ,քերթողահօրէ ի խնդրոց Պայազատապետի Սահակայ Բագրատունւոյ: Հարազատ և բուն պատմութիւն նախնեացն առաջնոց, թագաւորաց, իշխանաց, նախարարաց և հայրապետաց Արամեան ազգին: Սկսեալ ի Հայկ Քաջէ, մինչև ց' Արտաշիր թագաւորն մեր»։ Բացի դրանից նա մի ոտանաւոր ներբող էր նուիրում քերթողահօրը, դնում էր տեղեկութիւններ նրա մասին և ի վերջոյ աղաչում էր ընթերցողներին սիրոյ և մեծարանքի առարկայ դարձնել «բազմահմուտ, աշխատասէր, ճշմարիտ զրոյցներ հաւաքող ու յայտնագործող» Խորենացուն:

Եւ հայոց պատմահայրը երախտապարտ չը մնաց այդ ուշադրութեան համար: Եթէ հայ գրականութիւնը դեռ այնքան անպատրաստ էր ու անզգայ որ իսկոյն չը ճանաչեց ու չը մեծարեց իր մեծ հեղինակին, դրա փոխարէն եւրօպացի