Պապը, այնուամենայնիւ, չը յուսահատվեց։ Նա կոնդակ հրատարակեց հրաւիրում էր քրիստոնեաներին զինվել մահմեդականների դէմ և այդ նպատակով տասանորդական հարկ դրեց քրիստոնեաների և նոյն իսկ հրէաների վրա։ Կոնդակը նոյնպէս աջողութիւն չունեցաւ․ այն ժամանակ Պիոսը մի երկար գրութեամբ դիմեց Մէհէմմէդ II–ին, համոզելով նրան ընդունել քրիստոնէութիւն և իր կողմից խոստանալով ճանաչել նրան, մկրտութիւնից յետոյ, Կօնստանտին XIII–ի յաջորդ և Բիւզանդիայի կայսր։ Այս դրութիւնը ամենից լավ բացատրում է թէ Հռօմի պապերը ինչպէս էին հասկանում արևելեան հարցը։ Դա քրիստոնէութեան հարց էր, և եթէ Օսմանի գոռոզ ժառանգը, որ իր յաղթութիւնների համար ստացել է Ֆաթիհ (յաղթող) անունը, ընդունէր իրան ուղարկված հրաւէրը՝ քրիստոնեայ մկրտվելով, ի հարկէ կաթօլիկ եկեղեցու ծէսով, այնուհետև ամեն ինչ վերջացած կը համարվէր և այլ ևս ոչինչ վտանգ ու անյարմարութիւն չէր լինի, որ օսմանցիները նստել են եւրօպական հողի վրա։ Եթէ Կ․ Պօլսին վիճակված էր նորից իր մէջ ունենալ մի քրիստոնեայ կայսր, Պիոս II կը կամենար, որ այդ կայսրը լինի մի կաթօլիկ թիւրք, պապի հովանաւորութեան տակ, և ոչ թէ մի օրթօդօքս յոյն[1]։ Այսպէս, ուրեմն, Հռօմի համակրանքները դէպի արևելեան քրիստոնեաները ամենից առաջ և ամենից շատ կաթօլիկ պրօպագանդայից էր բղխում։ Բայց Մէհէմմէդ Ֆաթիհը
- ↑ Герванусь, т․ V, եր․ 19։