Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/481

Այս էջը հաստատված է

քիչ էր մնում, որ կատարվեն Առաքել Բաղիշեցու և միւսների գուշակութիւնները․ Վենետիկի, Սպանիայի և Գենուայի միացած նաւատօրմները Լեպանտօի ծովածոցում ոչնչացրին թիւրքաց բոլոր նաւերը։ Կիսալուսնի խորտակումը ահաւոր էր. քրիստոնեաների այդ մեծ յաղթութեան հետևանքը պիտի լինէր, ինչպէս սպասում էին, Կ․ Պօլսի ազատումը, բայց դաշնակիցները չը կարողացան օգուտ քաղել իրանց աջողութիւնից և Թիւրքիան նորից ոտքի կանգնեց։

Պատերազմների մշտական բեմ էր և Թիւրքիայի հիւսիսային սահմանագլուխը, ուր օսմանեան արշաւանքները ընդհարվում էին Աւստրիայի, Ունգարիայի, նոյն իսկ Լեհաստանի հետ։ Եւրօպային մշտական վտանգ էր սպառնում այդ կողմից. արդէն մի անգամ Սիւլէյմանը իր զօրքերը հասցրել էր Վիէննայի պատերին։ Աւստրիան ամեն ջանք գործադրում էր, որ գոնէ հիւսիսային ազգերի մի դաշնակցութիւն հանէ թիւրքական հարուածների դէմ. պապը համոզում էր ռուսներին մտնել այդ դաշնակցութեան մէջ, բայց նրանք դեռ հեռու էին պահվում Բիւզանդիան յափշտակած բռնապետութեան դէմ թշնամական գործողութիւններ սկսելու մտքից։ Դաշնակիցներ որոնելու անհրաժեշտութիւնը, վերջապէս, պարզեց քրիստոնեայ պետութիւնների համար և այն, որ կիսալուսնի խորտակման լաւ միջոց կարող են դառնալ նրա երկաթէ բռունցքի տակ ճխլված քրիստոնեաները։ Եւ աշխատում էին ոտքի կանգնեցնել, ռազմիկ ոյժ դարձնել այդ