Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/499

Այս էջը հաստատված է

լռելեայն չը կուլ գնար արտասունքների հետ կեանքի մէջ, այլ դառնար կրակոտ երգ կամ բանաստեղծական մի այլ հիւսուածք։

Հայ ժողովուրդը չունի դիւցազներգութիւն, հերոսական վէպ։ Բացառութիւն կազմում է միայն «Սասունցի Դաւիթը»։ Բայց այստեղ մէնք, պիտի ասենք, որ նախ՝ նկատի չունենք այն կղզիացած լեռնաստանները, ուր խօսքով և գործով պաշտում էին անկախութիւնը և ուր, անշուշտ, ուրիշ այդպիսի բանահիւսութիւններ էլ կը գտնվեն։ Երկրորդ՝ «Սասունցի Դաւիթը» աւելի հին ժամանակների գործ է, իսկ մենք խօսում ենք Նոր Պատմութեան հայերի մասին։

Մեր հին և միջին պատմութեան շրջանները տուել են շատ հերոսական դէպքեր։ Այն ժամանակ հայերի մէջ կար պատերազմիկ տարր—ազնուականութիւն, որի գործերը նիւթ էին տալիս ժողովրդական ստեղծագործութեան։ Փաւստոսը, Խորենացին շատ պատմուածքներ ունեն, որոնք ոչ այլ ինչ են, եթէ ոչ նախարարական տներում յօրինված դիւցազնական երգեր։ Միայն Գայլ Վահանի պատմութիւնը, որ աւելի վէպ է, քան պատմութիւն, բաւական է ցոյց տալու համար թէ հայ ժողովուրդն էլ, ինչպէս և առհասարակ ամեն մի ժողովուրդ, սիրում էր քաջութիւնը, անվեհերութիւնը, հայրենասիրական հնարիմացութիւնը զարդարել իր երևակայութեան ծաղիկներով։ «Ուր կրակ չը կայ, այնտեղից ծուխ չի բարձրանայ»։ Վերցնենք հէնց նոյն իսկ XI դարը, երբ ընդհանուր ապականութեան և թուլամորթութեան