ձայների բազմութեամբ և ապա այդ վճիռը զօռով փաթաթել նոյն իսկ այնպիսիների վզին, որոնք համաձայն չեն վճռողների հետ։ Քաղկեդօնի ժողովը բռնութիւններ առաջ բերեց․ արիւնահեղութիւններ անգամ եղան, արիւն թափվեց նոյն իսկ Երուսաղէմում, Քրիստոսի գերեզմանի վրա։ Արևելեան եկեղեցիները չէին ընդունում Հռօմի դաւանաբանական բանաձևը․ և որովհետև ոչ ոք չէր կարողանում խօսքով համոզել, հասկացնել, ուստի չնդունողներին հարկադրում էին զօռով. եկեղեցու օրէնսդիրներ հանդիսանում էին բիւզանդական կայսրները, որոնք կամ արգելում էին Քաղկեդօնի դաւանութիւնը կամ, ընդհակառակն, պարաւորական էին դարձնում նրան։
Հայերը չընդունեցին Քաղկեդօնի ժողովը։ Չը քննենք թէ որքան իրաւացի էր այդ մերժումը աստուածաբանական տեսակէտով։ Այդ տեսակէտից աւելի բարձր է այն մեծ ճշմարտութիւնը, որ իւրաքանչիւր անհատ, իւրաքանչիւր ժողովուրդ իրաւունք ունի ձևակերպելու իր կրօնական համոզմունքը այնպէս, ինչպէս ինքն է հասկանում։ Մի ճշմարտութիւն է սա, որ պատմական հազարաւոր փաստերով ապացուցել է ինքը, քրիստոնէութիւնը, ազատութեան, հաւասարութեան այդ համաշխարհային կրօնը։ Այդ ճշմարտութեան համար չը կայ ձև, տառ, ծէս, այլ կայ միայն ոգի։ Հայերը չընդունեցին Լևոնի բանաձևը, բայց դա չէր նշանակում թէ նրանք այլ ևս քրիստոնեայ չէին։ Նրանք իրանց պաշտամունքի մէջ մի քանի ՛բաներով էին միայն տարբերվում արևմտեան