Պօլսում, երբ Օրին գնաց տեսնելու սուլթանական պալատը (սուլթանը սովորաբար Ադրիանուպօլիս էր ապրում), թիւրք բարձրաստիճան պաշտօնեաներից մէկը մեծ վէզիրի նրբամտութիւնը չունեցաւ եւ ընդունելով այցելուին ֆրանսիացի, նրա հետ խօսակցութեան բռնվեց ժամանակակից յուզող քաղաքական հարցերի, Կարլօվիցի դաշնագրութեան մասին, պատմեց թէ որպիսի սարսափ էին տարածել թիւրքերի մէջ քրիստոնեաների յաղթութիւնները, ինչպէս ամենքը սպասում էին թէ յաղթողները կը հասնեն Կ․ Պօլսին, ինչպէս շատ թիւրքեր իրանց հարստութիւնները ուղարկում էին Պրուսա քաղաքը։
Երևում է, որ Օրին տեսնվեց և Կ․ Պօլսի հայոց պատրիարքի հետ, որ այդ ժամանակ Մելքիսեդեկ Սուպհին էր: Բայց շատ հաւանական է, որ նա իր ծրագիրները չը յայտնեց պատրիարքին. նախ որ թիւրքաց Հայաստանը չէր մտնում նրա ծրագրի մէջ և երկրորդ, որ Կ․ Պօլսի հայութեան մէջ Օրիի մտքերը այդ խառն ու փոթորկալից ժամանակներում հազիւ թէ որ և է համակրութիւն գտնէին։ Պատրիարքը միայն նրանով օգնեց Օրիին, որ յանձնարարեց նրան էրզրում գնացող երկու թիւրք, օֆիցէրների, որոնց հետ էլ նա ճանապարհ ընկաւ։ Անցաւ թիւրքաց Հայաստանով, սակայն ոչ մի տեղ կանգ չառաւ ու չը խօսեց հայերի հետ՝ պատրաստվող գործի մասին։ Նա շտապում էր պարսկական Հայաստանը և 1699 թւի ապրիլի 4-ին արդէն Երևանումն էր։
Օրին շատ լաւ էր ճանաչում և իր հայրենիքը։