Անգեղակոթ։ Որոտան գետը անցնելով գիւղի առջևից, մի գեղեցիկ տեսարան է բաց անում։ Այս է միակ նշանակելի հանգամանքը. մնացածը ներկայացնում է Սիսիանին յատուկ աղքատութիւնը և կորածութիւնը։ Գիւղի այժմեան բնակիչները նոյն իսկ բնիկներ էլ չեն, եկուոր են Պարսկաստանից։ Բայց XVII դարի վերջում Անգեղակոթը մի գիւղաքաղաք էր, ուր բնակվում էր տեղային մէլիքը, Սափրազ կամ Շաֆրազ անունով։ Ահա այդ մէլիքի մօտ գնաց Օրին, և Անգեղակոթը այնուհետև հասցրեց իր անունը նոյն իսկ եւրօպական արքունիքներին։
Մէլիք—Սաֆրազը 1678-ին Էջմիածնում գումարված գաղտնի ժողովին մասնակցողներից մէկն էր։ Օրին նրա մօտ այլ ևս չը թագցրեց իրան. նրա համար դժուար չէր թէ հաւաստիքներ ներկայացնել, որ ինքը Օրին է և թէ բաց անել նրա առաջ իր քաղաքական ձեռնարկութիւնը։ Լեռնցի կիսանկախ իշխանը ուրախութեամբ ընդունեց այդ անակնկալ հիւրին և մեծ համակրութեամբ վերաբերվեց հին ծրագիրը նոր մանրամասնութիւններով վերակենդանացնելու մտքին։
Բայց Իսրայէլ Օրին ամենից առաջ ձեռնարկեց մի գործի, որ գեղեցիկ կերպով բնորոշում է նրա կազմակերպող ընդունակութիւնը, քաղաքագիտական նրբամտութիւնը։ Հայ մէլիքներից մէկը, Մարտիրոսի որդի Ամիր բէկը, թշնամացել էր Սաֆրազի հետ, և ինչպէս այս յատուկ է լեռնային տգէտ բարքերին ու համայնական օգուտների մասին հասկացողութիւն չունեցող ժողովրդին,