երրորդը Ղափանի և չորրորդը Նախիջևանի վրա։ Ազգաբնակութիւնը այդ կողմերում մեծ մասամբ քրիստոնեաներից է կազմված, մահմեդականները շատ քիչ են, իսկ պարսիկ պաշտօնեաները աննշան թւով մարդիկ ունեն իրանց ձեռքի տակ։ Դիմադրութիւն ոչ մի տեղ համարեա չը կայ, զորքը մի տեսակ զինուորական զբօսանք է կատարում և նուաճում է պարսկական բոլոր երկիրները Շամախուց մինչև Արաքսը։ Նախիջևանում բոլոր զօրաբաժինները միանում են․ նրանք բռնում են Արաքսի բոլոր անցքերը և ապա արշաւում են Երևանի վրա, որի գրաւումն էլ դժուար չէ։
Յայտնի չէ թէ ինչու Օրին, բաւական չը համարելով պարսկական Հայաստանի գրաւումը, նկատի ունէր և արշաւանք դէպի Արաքսի միւս կողմը։ Նա հարկաւոր էր համարում, որ քրիստոնեայ բանակը նուաճէ և Թաւրիզը, դեռ այնտեղից էլ քիչ առաջ գնայ։ Բայց այստեղ էլ վերջանում էր ամեն ինչ։ Այդ բոլոր գործողութիւնները աջողութեամբ գլուխ բերելուց յետոյ Հայաստանի պարսկական մասը ստանում էր անկախութիւն և մտնում էր կուրֆիւրստի կառավարութեան տակ։ Թիւրքիայի դէմ Օրին թշնամական գործողութեան որ և է միտք չունէր․ թիւրքաց հողերին նա ձեռք չէր տալիս, լաւ իմանալով, որ օսմանեան պետութիւնը թոյլ և կազմալուծվող Պարսկաստանը չէ։ Կարող էր երկիւղ լինել թէ Թիւրքիան չի թոյլ տայ, որ իր սահմանակից երկրում քրիստոնեաների անկախութիւն հաստատվի։ Բայց Օրին գտնում էր որ չը պէտք է այդպիսի վախ ունենալ․