էին, որոնց մէջ դարձեալ ահագին տեղ եկեղեցուն էր յատկացվում. իսկ համեմատաբար աննշան տեղը մնում էր քաղաքական հանգամանքների նկարագրութեան համար, առանց, սակայն, ժողովրդի ներքին առօրեայ կեանքը շօշափելու: Այսքան միակողմանի, վերացական գրականութեան ազդեցութիւնը այն կարող էր լինել, որ հայը շատ գեղեցիկ աղօթող, հոգու փրկութեան բոլոր ճանապարհները գտած, սխօլաստիական շատ բացատրութիւնների պաշար ունեցող քրիստոնեայ կը դառնար։ Բայց մի ժողովուրդ չէ կարող միայն և միմիայն եկեղեցով ապրել, լինել ճգնաւոր․ նա ունի իր ցաւերն ու խոհերը, իր մտածումները, աշխարհայեցողութիւնները։ Գրականութիւնը անտես էր անում այդ խոշոր ու առաջնակարգ պահանջը և այդ պատճառով թէ ինքն էր վնասվում, դառնալով մի դասակարգային, յամրաշարժ ու միակողմանի արհեստական գործ և թէ վնասում էր ժողովրդին, որ միշտ սառն ու անտարբեր էր մնում դէպի նրան։
Շատ կարևոր նշանակութիւն ունէր գրականութեան համար և լեզուի հարցը։ Գրաբարը, որ հինգերորդ դարում ցոյց տուեց իր հարստութիւնները, դարձաւ գրքի լեզու և այդպէս էլ անշարժացաւ նրա մէջ հազար տարի։ Եղե՞լ է արդեօք գրաբարը ժողովրդական լեզու—յայտնի չէ։ Բայց որ նա շուտ դուրս եկաւ գործածութիւնից, շուտ դարձաւ անհասկանալի ժողովրդի ահագին մեծամասնութեան համար, այդ երևում է նրանից, որ դեռ X դարից գրքի լեզուի մէջ ներս խուժել սկսեց