Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/64

Այս էջը հաստատված է

մարդիկ, որոնք ժամանակի պահանջի թարգման հանդիսանալով, լեզուի բարենորոգութեան հիմքը դնէին, մշակէին աշխարհաբարը գրականութեան համար: Անգիտակցաբար ըմբռնվում էր, որ գիրքը պէտք է մօտեցնել ժողովրդին և դրա միակ միջոցն է չարհամարհել նրա լեզուն: Բայց մի և նոյն ժամանակ գրաբարն էլ իր տիրապետող իրաւունքների մէջ էր մնում. միշտ դէպի անցեալը նայող, միշտ պահպանողական հոգևորականութիւնը, որ շարունակում էր գրականութեան միակ սեփականատէրը մնալ, չէր էլ զգում որ իր պաշտած, կանոնական լեզու դարձրած գրաբարը օրէցօր ընկնում է և օրէցօր պակասում է նրան հասկանալու պատրաստութիւն ունեցողների թիւը։ Ամեն ինչ թողնված էր ճակատագրի կամքին. պակասում էին մարդիկ, որոնք խորազննին հայեացքի տէր լինէին և կարողանային թափանցել այդ երևոյթի բուն պատճառների մէջ։

Եւ հետևանքը այն եղաւ, որ գրականութիւնը ներկայացնում էր մի շատ խղճալի, անկերպարան դրութիւն․ աշխարհաբարը մնում էր անմշակ գաւառաբարբառ, երեսի վրա գցած հում նիւթ, իսկ գրաբարը անդադար աղճատվում էր աղքատանում, աշխատելով ցնցոտիներով ծածկել իր կատարելապէս արհեստական դարձած, կեղծ գոյութիւնը։ Զրկվելով իր հին հարստութիւններից, նա չէր գտնում վերակենդանութեան որ և է նոր նիւթ։ Հայը իսկապէս չունէր գրական լեզու, որ լինէր հարուստ, արտահայտիչ․ թէ գրաբարը և թէ աշխարհաբարը միատեսակ ողորմելի էին: Եւ