Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/73

Այս էջը հաստատված է

էր ստրուկին տուած զէնքերով և քծնելը, շողոքորթութիւնը, ստախօսութիւնը, մաւտնութիւնը ու այլ այսպիսի բարոյական կեղտեր ծծվում էին ժողովրդի արեան մէջ, առաւելապէս քաղաքներում ապրող ժողովրդի, որ աւելի յաճախ էր շփվում տիրողների հետ։ Այդ միջոցով քրիստոնեային աջողվում էր ոչ միայն գոյութիւն պահպանել, այլ և գեղեցիկ դիրք ստեղծել իր հաւատակիցների մէջ։ Կազմվում է քրիստոնեայ իշխանաւորի ընդհանրապէս զզուելի տիպը․ դա փողի, հարստութեան մարդն է, որ առաջ է գնում կաշառքներով, վաշխառութեամբ։ Մի կատարեալ. ստրուկ իրանից բարձրի, այսինքն մահմեդականի առաջ, նա դառնում է անգութ հարստահարիչ իրանից ստորի, այսինքն քրիստոնեայի համար։ Նա ունի մի յայտնի գիրք մահմեդական ազդեցիկ պաշտօնեաների մօտ, կարողանում է երբեմն շտկել քրիստոնեայ համայնքի գործերը իր շողոքորթութիւններով, կաշառքներով․ բայց դրա փոխարէն նա գրաւում է ռայեայի մէջ մի տեսակ փաշայի, հրամայողի և առնողի դեր։ Այդ դասակարգից առաջ եկաւ հայ ամիրայութիւնը Թիւրքիայում։ Անողորմ էին մանաւանդ այն քրիստոնեաները, որոնք կապալով վերցնում էին պետական հարկերր․ նրանք մէկին երկու էին առնում ժողովրդից։

Այս բոլոր աղէտները կարծես բաւական չէին մի ժողովրդի դժբախտութեան համար, և ահա զարգացաւ, առաջադիմեց, համատարած չարիքի կերպարանք ընդունեց աղէտներից գուցէ ամենավատթարը-փչացած հոգևորականութիւնը։ Նա