Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/77

Այս էջը հաստատված է

լուսաւորութիւնն էր , սեփական ջանքերով, առանց որ և է կողմնակի օգնութեան՝ առաջադէմ ազգերի ետևից գնալն էր։ Ի՞նչպէս պիտի հնարաւոր դառնար մի այդպիսի մեծ գործ, երբ թւում էր, թէ հայ ժողովուրդը, իրան շրջապատող պայմանների շնորհիւ, պիտի լինէր ասիական խաւարի մէջ անշարժացած, լոյսից զուրկ մի ժողովուրդ, ինչպէս էին նրա հարևանները։

Կան չարիքներ մարդկութեան կեանքի մէջ, որոնցից բարիք էլ է ծնվում։ Այդպիսի մի բարիք էլ հայերի համար ծնվեց։

Անշուշտ Հայաստանի համար մեծ դժբախտութիւն էր, որ կոտորածների դարերում ահագին բազմութեամբ հայեր հեռանում էին դէպի աշխարհի զանազան կողմերը՝ բախտ և հանգստութիւն որոնելու։ Ժամանակի ընթացքում գոյացաւ մի օտարերկրեայ Հայաստան-եթէ ներելի կը լինի այսպիսի մի անուն յատկացնել միմեանցից ահագին տարածութիւններով անջատված մանր ու խոշոր գաղթականութիւններին։ Սրանց մի խիտ ցանցը տարածված էր նախ և առաջ Հայաստանի մօտ գտնվող, նոյն իսկ սահմանակից երկիրներում։ Միջերկրական ծովի ասիական, եւրօպական և մասամբ աֆրիկեան ափերը, Սև ծովի նաւահանգիստները, Վրաստանը, Պարսկաստանը, Հնդկաստանը բազմաթիւ գաղթավայրեր տուին իր երկրից կամայ թէ ակամայ հեռացող հային։ Յաւիտեան կտրվելով հայրենի հողից, նա սկսեց արհամարհել տարածութիւնները և հասաւ Վօլգայի ափերին, մտաւ Ղրիմ, Լեհաստան, Տրանսիլվանիա,