Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/9

Այս էջը հաստատված է

որ հայ տպարանը իր հետ աշխարհի զանազան կողմերն էր տանում հայ գրականութիւնը․ ուր կար տպարան, այնտեղ էլ սկսվում էր գրականութիւն։

Այսպէս նայելով տպարանին, ես, ուրեմն, պիտի տայի հայերէն գրքի պատմութիւնը այն ժամանակից, երբ նա սկսեց ժողովրդականանալ տպագրական մամուլի միջոցով։ Հետևելով մեր գրականութեան, ես չէի կարող չը հետևել և մեր կեանքին, որովհետև այդ երկուսը—կեանք և գրականութիւն—չէ կարելի բաժանել իրարից։ Ես պարտաւորութիւն էի համարում որքան կարելի է շատ լուսաբանել կեանքը, մանրամասն խօսել նրա վրա ազդեցութիւն թողած երևոյթների մասին, որպէս զի աւելի պարզ կերպով պատկերացնեմ մեր առաջադիմութեան հանգամանքները։

Ահա իմ ծրագիրը։ Ինձ ասում էին թէ դա գիտնական ձև չէ։ Թող այդպէս էլ լինի։ Ես միտք էլ չեմ ունեցել տալ մի գիտնական աշխատութիւն, եթէ այդպիսի աշխատութեան հիմնական յատկութիւնը պիտի լինի չոր ու ցամաք պատմուածքը, եթէ գիտնականութեան համար պէտք է փակվել ընտրած ճիւղի սահմաններում, ենթադրելով թէ ընթերցողը մնացածը գիտէ։ Ո՛չ։ Մեր ժողովուրդը-ես ամենից առաջ նրան եմ աչքի առջև ունեցել—ոչինչ չը գիտէ իր անցեալի մասին։ Իմ ուժերիս ներածին չափ օգնել նրան մի մատչելի, կենդանի կերպով պատմված գործով—այս էր իմ ամբողջ ձգտումը։

Չը գիտեմ որքան ինձ աջողվել է այս բանը։ Ի նկատի ունեցէք թէ ինչ ահագին աշխատութիւն է պահանջում մի այդպիսի գործ, և այն միջոցները, որ մենք ունենք։ Մեզանում չը կայ մի հարուստ գրադարան, ուր կարելի լինէր հեշտոթեամբ ձեռք բերել ինչ հարկաւոր է։ Գրքեր գտնելու համար պէտք է վազել այս ու այն կողմ, խնդրել այս ու այն անհատին, հանդիպել զանազան դժուարութիւնների։ Այսպիսի հանգամանքների մէջ չէր կարելի մի բոլորովին լիակատար գործ տալ․ և ինձ, կասեմ հէնց այժմից, աւելի քան մի ուրիշին լաւ յայտնի են իմ աշխատութեան պակասութիւնները։ Բայց կասեմ և այն, որ ոչինչ ջանք ու աշխատութիւն չեմ խնայել որպէս զի հնար եղածին չափ պակասութիւններից