պայմաններ էր առաջարկում ս. Պետրոսի աթոռին։ Կաթօլիկ հեղինակները շատ անգամ են յիշատակում թէ հայոց կաթողիկոսները հնազանդութիւն յայտնեցին Հռօմին, բայց միշտ խուլ ու մութ են թողնում այն բանը՝ թէ եթէ այդպէս էր, ինչ՞ու չը կայացաւ եկեղեցիների միութիւնը։
Յայտնի է, որ դեռ Ռուբինեանների ժամանակից կաթօլիկ եկեղեցուն միանալու հարցը կապված է եղել քաղաքական շահերի հետ և մենք շատ հիմքեր ունենք հաստատելու, որ հայ հոգևորականութիւնը եթէ շատ անգամ պատրաստ էր իր հնազանդութիւնը յայտնելու ս․ Պետրոսի աթոռին, դա առանց իրական փոխարինութիւն ստանալու պայմանի չէր։ Հայաստանի տանջանքներին ականատես էին կաթօլիկ քարոզիչները, որոնք ամեն կերպ աշխատում էին դարձի բերել հայերին և աջողութիւն վաստակելու նպատակով ոսկի սարեր էին խոստանում նրանց։ Հայերին առաջին անգամ կաթօլիկ միսիօնարները սովորեցրին դէպի Եւրօպա ուղղել իրանց աղաչաւոր հայեացքը, և Հռօմը, իբրև Եւրօպայի մէջ մեծ հեղինակութիւն ունեցող մի կրօնական ուժեղ պետութիւն, բնականաբար պիտի հայերին մեծ յոյսեր ներշնչէր, քանի որ այնքան աշխատում էր կաթօլիկացնել նրանց։
Սալմաստեցու ճանապարհորդութիւնը ունէր քաղաքական նպատակ։ Վենետիկի հանրապետութեան կաթողիկոսը ներկայացրեց պարսկական Հայաստանի հայ գլխաւորների մի աղերսագիրը, որ վերջանում էր այսպէս.