Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/92

Այս էջը հաստատված է

այլ հայերի, քաղաքավան դրութիւնը։ Եթէ Պօղոս պապր կարողանար թեթևացնել այդ դրութիւնը, այն ժամանակ հայոց եկեղեցին մի շարք զիջումներ կանէր Հռօմի աթոռին։ Նոյն ականատեսի խօսքերից կարելի է եզրակացնել և այն, որ զիջումներ էին խոստացվում և ոչ կատարեալ հպատակութիւն։ Այսպէս, պատարագի բաժակի մէջ ջուր խառնելու մասին կաթողիկոսը միայն այն խոստումը տուեց, թէ կաշխատէ համոզել հայ հոգևորականութիւնը, որպէս զի այդ կէտն էլ ընդունվի։

Բայց այդ առաքելութիւնից իրական օգուտ դուրս չեկաւ հայերի համար։ Հռօմը ազգերի քաղաքական ազատութեան մասին առհասարակ չէր մտածում, իսկ այդ ժամանակ մանաւանդ չէր կարող մտածել, եթէ կամք էլ ունենար, որովհետև ինքն էլ տնային շատ խառնակութիւններ ունէր։ Այդ է պատճառը, որ Ստեփանոս կաթողիկոսը «ամենասրբազան Պապի ոտները. համբուրելուց» յետոյ էլ, երբ ձեռնունայն վերադարձաւ Էջմիածին, այլ ևս պարտաւոր չը համարեց իրան Հռօմի հպատակ անուանել։ Վերադարձին նա գնաց Գերմանիա և ներկայացաւ Կարոլոս V կայսրին, այնտեղից անցաւ Լեհաստան և Մօսկվա։ Անշուշտ, կաթողիկոսը աղերսագիրներ ներկայացրեց և այդ պետութիւններին, բայց, ինչպէս երևում է, ոչ ոք օգնութեան յոյս չը տուեց։

Անաջողութիւնը կատարեալ էր, բայց և հայկակակ իրականութիւնը այնպէս չէր, որ կարելի լինէր բաւականանալ մի անգամ աղաչելով։ 17 ․