Էջ:Հայոց գրերը, Հրաչյա Աճառյան.pdf/193

Այս էջը սրբագրված է

Խորենացու հետևորդ Փոքր Կորյունն այստեղ մի փոքր շեղում է անում: Ըստ իրեն, Սահակի և Մեսրոպի Հունահայաստան դիմելը ո՛չ թե հատկապես լուսավորության գործի համար էր, այլ ս. Գրքի թարգմանության համար: Հայաստանում հունարեն Աստվածաշունչ չկար, որովհետև Մեհրուժանը բոլորը այրել էր և պարսիկները հունարեն սովորել արգելել էին: Սահակը և Մեսրոպն ուզում էին հունարենից թարգմանել Աստվածաշունչը, ուստի ստիպված եղան Հունաց բաժին անցնելու... «Զի ի բաժանել զաշխարհս Հայոց՝ չտային Պարսկաց վերակացուքն յոյն ումեք ուսանիլ զդպրութիւն իւրեան մասին, այլ միայն ասորի: Վասն որոյ յոյժ տարակուսեալ լինէին սուրբ հայրապետքն Սահակ և երանելին Մեսրովբ. և գնացին զկողմամբք արևմտից վիճակին իւրևանց ի մասն Յունաց» (էջ 13): Բայց թե Փոքր Կորյունի այս պատմությունը սուտ հերյուրանք է՝ հայտնի է նաև նրանից, որ մի քիչ հետո ինքն էլ է մոռանում իր ասածը և ո՛չ միայն ս. Գիրքը չի թարգմանում, այլև Մեսրոպը Հունահայոց քարոզությունից դարձին՝ Հայաստանում է գտնում Սահակին և հաշիվ է տալիս նրան իր արածների համար, մինչդեռ իր հետ Հունահայոց բաժինը անցած պիտի լիներ:

Մինչդեռ Կորյունը Մեսրոպի համար ասում է, թե Հունահայոց եպիսկոպոսներից, գավառապետներից և մանավանդ Անատոլիս սպարապետից մեծ պատվով ընդունվեց՝ հյուսիսային կողմերում արած իր մեծամեծ քարոզությանց և իր հանած մեծ համբավի պատճառով, ընդհակառակը, Խորենացին ցույց է տալիս, թե Սահակը ո՛չ թե միայն իր արժանավորության համեմատ պատիվ չտեսավ պաշտոնավորներից, այլ նաև մեծ արհամարհանք գտավ, հույն պաշտոնավորները չընդունեցին Հայոց կաթողիկոսին, չթողին, որ նա քարոզեր Հայոց մեջ, վերջապես արգելեցին նրան հայերենի ուսումը տարածել իրենց բաժնում: Ահա Կորյունի և հետո Խորենացու խոսքերը. «Եւ վասն առաւելագոյն բարեգործ համբաւուց՝ յառաջագոյն զնմանէ անդ ի հիւսիսական կողմանց հռչակելոց, առաւել միամտությամբ ընտանեբար յեպիսկոպոսաց աշխարհին, և յիշխանաց և ի գաւառականացն պատուեալ. մանաւանդ ի սպայապետէն աշխարհին, որ անուանեալ կոչէր Անատոլիս, ի մուտ ճանապարհին» (Կորյուն, էջ 16):― «Եւ ոչ ըստ արժանեաց իւրոց եղև ընկալեալ... և ոչ հանդիպեցայ ընդունելության յիմում վիճակիս ի հրամանէ վերակացուացս սոցա. այնչափ ատեցեալ զմեզ, մինչև զնշանագիրս անգամ ոչ ընկալան...» (Խորենացի, Գ, ծէ):

Անցողակի նկատենք այստեղ, որ Հունահայաստանի սպարապետի անունն է Կորյունի երկու ձեռագրերից մեկի մեջ Անտիոխ, մյուսի մեջ՝ Անտիսի. այս երկուսը միևնույն բաներն են. սկզբում13-1438

193