Էջ:Հայոց գրերը, Հրաչյա Աճառյան.pdf/194

Այս էջը սրբագրված է

գրված է եղել Անսիրտ, որի մեջ ո հեշտությամբ կարելի էր շփոթել և դարձնել ս, իսկ խ կորցնելով մի թևը՝ լինում է ի։ Բայց Անտիոխ շատ հետին հնչում է, ուստի պետք է ուղղել Անտիոք կամ Անտիոքոս: Սա սովորական անուն էր հունաց մեջ: Հնագույն անձն է այս անունով Անտիոքոս որդի Հերակլեսի, ապա Անտիղոս ծովակալ Ալկիբիադի, նույնանուն մի բանի Սելևկյան թագավորներ և ուրիշ անձեր՝ հիշված Հերոդոտի և Քսենոփոնի մոտ: Մեր շրջանից էլ մի օրինակ տալու համար, հիշենք Կոստանդ կայսեր զորավար Անտիոքին, որ իր բանակով եկավ Հայաստան և Խոսրով Բ-ին գահ բարձրացրեց (Խորենացի, Գ, է-ը)։ Խորենացու մո Հունահայոց սպարապետը կոչվում է Անատոլիոս, որից անցել է նաև Փոքր Կորյունին։ Վենետիկի հրատարակիչները, հետևելով Խորենացուն, մեծ Կորյունի Անտիոքն էլ սրբագրել են Անատոլիս։ (Այս մասին տե՛ս Халатян, «Арм. Аршакиды, Հայ թրգմ., «Հանդէս ամսօ օրեայ», 1904 թ., էջ 261ա, ծան. 2): Իսկ Ֆնտգլյանն իր հրատարակության մեջ դրել է Անտիոխ։ Այժմ Թորոսյանը («Բազմավէպ», 1931 թ., էջ 470) և Ակինյանը («Հանդէս ամսօրեայ», 1935 թ., էջ 531) գտնում են, որ այն ժամանակի Հունահայոց սպարապետն էր իրոք Անատոլիոս, որ նստում էր Անտիոք քաղաքում։ Դա Արևելյան բանակի հրամանատարն էր, որ հույներից կոչվում էր ὂ τῆσ ἔω στρατηγός, որ է լատիներեն militum per Orientem magister. Անատոլիոս ըստ Պրոկոպիոսի 421—422 թվականին խաղաղությամբ վերջ տվեց Պարսից և Հռոմայեցվոց միջև ծագած պատերազմին:

Նույն թվականին հյուրընկալեց պարսից ասպահապետին, որ Վռամ Ե-ի հալածանքներից էր փախել: Ավելի քան 30 տարի վարել է սպարապետության պաշտոնը և Մարկիանոս կայսեր ժամանակ էլ կենդանի էր դեռ, ինչպես հիշում է Փարպեցին (էջ 74):

Ըստ այսմ սխալ է դուրս գալիս Կորյունը, և ստույգ է դուրս գալիս Խորենացին: Բայց իսկույն ևեթ ավելացնենք, որ Կորյունի համապատասխան տեղը եղծված է. «Մանաւանդ ի սպայապետէն աշխարհին, որ անուանեալ կոչէր Անտիոխ (=Անտիոք) ի մու ճանապարհին: Վերջին երկու բառերը ոչ մի իմաստ չունեն և ցույց են տալիս, որ այստեղ բնագիրը խանգարված է: Եղել են զանազան փորձեր ուղղելու համար, բայց իզուր: Օրինակ՝ Ակինյանը («Հանդէս ամսօրեայ», 1935 թ., էջ 530) ի մուտ ճանապարհին կարդում է «ի Դերջան գաւառին». Թորոսյանը («Բաղմավէպ», 1931 թ., էջ 471) ուղղում է «անուանեալ կոչէր Անատոլիս՝ ի քաղաքին Անտիոք, խոստանայր լինել ձեռնտու ի ճանապարհին»: Ստույգ է, որ Կորյունի մոտ եղել է Անատոլիս սպարապետի անունը, որ հետո ընկել է, իսկ Անտիոք նրա բնակած քաղաքի անունն է:

194