Էջ:Հայոց գրերը, Հրաչյա Աճառյան.pdf/195

Այս էջը սրբագրված է

Խորենացին այսպես է շարունակում իր պատմությունը.— Երբ Սահակ տեսավ այն ցուրտ ընդունելությունը հունաց պաշտոնյաների կողմից, ստիպվեց Մեսրոպին և իր թոռ Վարդան Մամիկոնյան նախարարին ուղարկել Բյուզանդիոն՝ հունաց Թեոդոս կայսեր մոտ, նրանից արտոնություն և թույլտվություն խնդրելու համար: Նրանց հանձնեց երեք նամակ. մեկը Հունահայոց Անատոլ զորավարին, ճանապարհորդության ձեռնտվության համար, երկրորդը՝ Պոլսի Ատտիկոս պալատական եպիսկոպոսին՝ կայսեր բարեխոսելու համար, և երրորդը Թեոդոս կայսեր՝ բուն խնդրի համար: Խորենացին (Գ, ծէ) մեջ է բերում հիշյալ երեք նամակները, որոնք ահա.

նամակ Ա

«Թուղթ Սահակայ առ Թէոդոս

Խաղաղասիրի կայսեր տեառն իմում Աւգոստոս Թէոդոսի՝ Սահակ Հայոց եպիսկոպոս ի Տէր խնդալ:

Գիտեմ, զի համբաւ նեղութեանս մերոյ հասեալ է ի ներող լսողութիւն ինքնակալիդ. սակս որոյ յուսալով ի գթածութիւն բարերարութեանդ քոյ, դիմեալ ապաւինեցայ յոտս ձեր. և ոչ հանդիպեցայ ընդունելութեան յիմում վիճակիս ի հրամանէ վերակացուացս սոցա, այնչափ ատեցեալ զմեզ, մինչև զնշանագիրս անգամ ոչ ընկալան, զորս եբեր նոյն այր՝ զոր առաքեցի առ ձեր բարերարութիւնդ, բազում անգամ ճգնեալ դորա յԱսորւոց - աշխարհին: Արդ հաճոյ թուեսցի տէրութեանդ ձերում՝ ոչ անիշխան առնել զմեզ ի մերում վիճակիս, և հրամայել ընդունել զմեզ և զվարդապետութիւնս մեր: Ողջ լեր»:

նամակ Բ

«Թուղթ Սահակայ առ Ատտիկոս

Սահակ եպիսկոպոս Հայոց, վարդապետ մեր Ատտիկոս եպիսկոպոս աշխարհամուտ դրանդ, օրհնութեամբ ողջույն: Յուսացեալ ի ձեր սրբութիւնդ առաքեցի զուսուցող մերոյ աշխարհիս Մեսրոպ, և զթոռն իմ Վարդան, որպէսզի ի լսել քո ի դոցանէ զաղէտս նեղութեան մերոյ, բարեխօսեալ առ մեծի թագաւորիդ՝ օգնեսցես մեզ, որպէս արդարև եղբայր սիրելի: Ողջ լեր»:195