Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/110

Այս էջը սրբագրված չէ

թուրք ու քուրդ ժողովուրդների տգիտությունից, հենվեցին նրա հոռի բնազդների վրա և իրենց ոճրագործ ծրագիրը ու կարճատես պետական ըմբռնումը պարտադրեցին նրան, գործադրեցին նրա միջոցով և այսօրվա ահավոր կորուստների ու աղետի պատճառ դարձան:

Այս ճշմարտությունը իր ամբողջ խորությամբ ու տարածականությամբ պետք է ըմբռնել՝ մեր և թուրքերի ապագա հարաբերությունների շուրջը եղած անտեղի հոռետեսությունները ցրելու և երկու դրացի ժողովուրդների ապագա բարի հարաբերությունների անհրաժեշտ հողը պատրաստելու համար: Որովհետև որքան էլ հայ ու թուրք մտավորականությունը անցյալի տխուր փորձերից հուսահատ՝ թերահավատությամբ վերաբերվեն իրար, անժխտելի է, որ դարեր շարունակ մենք, թուրք ու քուրդ ժողովուրդները ապրելք ենք ու պիտի ապրենք կողք կողքի: Անխուսափելի անհրաժեշտություն, որի հետ պետք է հաշտվել և համապատասխան էլ քայլեր առնել:

Մենք մատնանշեցինք թուրք մտավորականության ու պետական գործիչների համարյա բոլոր այն կարևոր պատճառաբանությունները, որոնցով նոքա ցարդ աշխատեցին պարզել օսմանյան պետության վերջին երկու տարվան գահավեժ ընթացքն ու կործանման պատճառները: Մենք փաստերով ապացուցեցինք, թե որքան դիտումնավոր, մակերեսային ու անճիշտ էին այդ պատճառաբանություններն ու վերլուծումները: Այժմ տեսնենք, թե որոնք են իրական ու հիմնական այն պատճառները, որ վաղուց ի վեր քայքայում ու հյուծում են օսմանյան պետության վիրավոր մարմինը, որոնք շարունակ պատճառ են դառնում Թուր-