Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/104

Այս էջը սրբագրված է

թաթերթ՝ հայերեն, իսպաներեն: ՀՀԴ պաշտոնաթերթ: Խմբագիրներ՝ Սարգիս Թոփչյան, Ռեն (Ռուբեն Վարդանյան), Արսեն Միքայելյան, Աշոտ Արծրունի, Վարդան Գևորգյան, Հովհաննես Դևեջյան, Պետրոս Հաջյան, Խաչիկ Տեր-Ղուկասյան (1987-ից): Լուսաբանում է արգենտինահայ գաղութի հասարակական-քաղաքական կյանքը, տպագրում միջազգային լուրեր, գրական նյութեր, տեղեկություններ Հայաստանից: 1931-82-ին ունեցել է սեփական տպարան:

«Երջանիկ հույս», ամսագիր: Լույս է տեսել 1961-83-ին, Բուենոս Այրեսում, 1983-ից՝ Փասադենայում (ԱՄՆ): Հայ ավետարանական եղբայրակցության եկեղեցիների միության պաշտոնաթերթ: Ունի կրոնական բովանդակություն, տպագրել է նաև լուրեր Եղբայրակցության վերաբերյալ:

«Հայ Կեդրոն», ամսագիր: Լույս է տեսել 1932-70-ին, Բուենոս Այրեսում՝ հայերեն: Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձության պաշտոնաթերթ: Խմբագիրներ՝ Իսրայել Արսլան, Գարեգին արք. Խաչատուրյան, Հարություն վրդ. Մուշյան, Սիոն արք. Մանուկյան, Բաբկեն արք. Ապատյան: Հրատարակել է կրոնաբարոյական, մշակութային նյութեր, անդրադարձել թեմական անցուդարձերին: Հրատարակել է հոգաբարձության հաշվետվությունները, գաղութի պատմության մասին նյութեր:

1991-92-ին «Հայ Կեդրոն» երեք անթվակիր համարներ լույս են տեսել իսպաներեն՝ նվիրված Հայաստանին և նրա հետ կապված իրադարձություններին: 1997-ին սկսել է վերահրատարակվել՝ հիմնականում իսպաներեն:

«Մարաշ», պարբերական: Լույս է տեսել 1954-66-ին, Բուենոս Այրեսում՝ հայերեն, իսպաներեն: Մարաշի հայրենակցական միության պաշտոնաթերթ: Խմբագիր՝ Սուսաննա Չալյան: Տպագրել է միության գործունեությունը լուսաբանող լուրեր, նաև աշխարհում ցրված մարաշցիների հետ կապված տեղեկություններ:

«Ներկա», ամսագիր: Լույս է տեսել 1961-70-ին, Բուենոս Այրեսում: Խմբագիր՝ Վահե Պահատրյան: Տպագրել է հասարակական-քաղաքական, մշակութային նյութեր, Հայաստանի, սփյուռքի և գաղութի վերաբերյալ լուրեր: Ունեցել է անկախ գիծ, ձաղկել է կուսակցությունների անմիաբանությունը, եղել Հայ դատի ջատագով:

«Նոր Հաճըն», եռամսյա թերթ (երկար ժամանակ եղել է ամսաթերթ): Լույս է տեսնում 1933-ից, Բուենոս Այրեսում՝ հայերեն, իսպաներեն: Հաճընի հայրենակցական միության կենտրոնական վարչության պաշտոնաթերթ: Խմբագիրներ՝ Ազարիա Պապահեգյան, Աբրահամ Էոլմեսեկյան, Աբրահամ Կրաչյան, Հարություն ծ. վրդ. Մուշյան, Նազարեթ Ճերեճյան (Կուժնունի): Տպագրում է Հաճընի պատմությանը և սովորույթներին վերաբերող նյութեր, Ա-ում և այլ գաղթավայրերում ապրող հաճընցիների մասին լուրեր, Հայաստանի Նոր Հաճըն ավանին նվիրված լրատվություններ:

«Շարժում», շաբաթաթերթ: Լույս է տեսել 1937-91-ին, Բուենոս Այրեսում՝ հայերեն, իսպաներեն: ՍԴՀԿ պաշտոնաթերթ: Խմբագիրներ՝ Տաճատ Գնթունի, Երվանդ Մխիթարյան (Կարմրակ), Միհրան Ուզունյան (Օշին), Աբրահամ Էոլմեսեկյան, Վահան Զեյթունցյան, Աբրահամ Կրաչյան, Հակոբ Մարկոսյան, Ալբերտ Քեոսեյան, Աբրահամ Գարատանյան, Կիրակոս Աջապահյան, Նազարեթ Ճերեճյան (Կուժնունի), Վարուժան Աճեմյան, Սամվել Սարգիսյան (1976-ից): Լուսաբանել է հայկական և միջազգային հասարակական-քաղաքական կյանքը, տվել Հայաստանի, սփյուռքի և համայնքի մասին լուրեր, առանձին բաժնում զետեղել մշակույթին վերաբերող հոդվածներ: 1937-86-ին ունեցել է սեփական տպարան:

«Շիրակ», կիսամսյա, ապա՝ շաբաթաթերթ: Լույս է տեսել 1933-36- ին, Բուենոս Այրեսում: Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) Ա-ի մասնաճյուղի պաշտոնաթերթ: Խմբագիր՝ Աբրահամ Կրաչյան: Տպագրել է լուրեր Խորհրդային Հայաստանի վերաբերյալ, ինչպես և տեղեկություններ ՀՕԿ-ի գործունեության մասին: Ջատագովել է ներգաղթը, հակադրվել ՀՀԴ-ին, լուսաբանել միջազգային քաղաքական կյանքը:

«Սարտարապատ», շաբաթաթերթ: Լույս է տեսնում 1975-ից, Բուենոս Այրեսում՝ հայերեն, իսպաներեն: ՌԱԿ պաշտոնաթերթ: Խմբագիրներ՝ Գևորգ Մարաշլյան, Վարուժան Աճեմյան, Հովիկ Էորդեքյան, Նորայր Գարատանյան, Դիանա Տեր-Կարապետյան (1992-ից): Հրատարակում է Հայաստանի, սփյուռքի և գաղութի վերաբերյալ լուրեր, մշակութային նյութեր, լուսաբանում հայկական կյանքը:

«Սևան», շաբաթաթերթ: Լույս է տեսել 1961-90-ին, Բուենոս Այրեսում՝ հայերեն, իսպաներեն: Հրատարակել է Արգենաինահայ մշակութային միությունը: Խմբագիրներ՝ Սիմոն Սիրապոնյան, Սիմեոն Յողուրթճյան, Ատրիան Լոմլոմճյան, Կառլոս Չոլաքյան (1990-ից): Հրատարակել է Հայաստանի վերաբերյալ լուրեր, անդրադարձել միջազգային և լատինաամերիկյան քաղաքական իրադարձություններին: 1961-87-ին ունեցել է սեփական տպարան:

Գրկ. Գ ա ս պ ա ր յ ա ն Ս., Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր, Ե., 1962:

Վարդան Մատթևոսյան (ԱՍՆ)