Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/105

Այս էջը սրբագրված է

ԱՖՂԱՆՍՏԱՆ

Աֆղանստանի Հանրապետություն, պետություն Ասիայի հարավում: Տարածքը՝ 652,1 եզ. կմ2: Բնակչությունը՝ 18,8 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Քաբուլ (1,5 մլն):

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Հանրապետության միջև հաստատվել են 1996-ին:

Ա. հայերին ծանոթ է եղել վաղ ժամանակներից: Դեռևս Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում պարսիկները բազմաթիվ հայեր են տարել և բնակեցրել Խուժաստանում, Սագստանում, Խորասանում, Նիշապուրում: Սակայն հայկական գաղութ Ա-ում, մասնավորապես Քաբուլում, ձևավորվել է XVII դ.: Մայրաքաղաքից բացի, հայերը բնակվել են Ղանդահարում և մերձակա գյուղերում: Հայտնի է, որ Իրանի Նադիր շահը (1736-47) Ա. ծաղկեցնելու համար 200 տուն հայեր է տեղափոխել Սպահանից ու բնակեցրել Քաբուլում: 1737-ին այստեղ հաստատված հայ արհեստավորներն ու առևտրականները Բալահիսար փողոցի վրա, Ջալալաբադ ամրոցի դարպասի մոտ, կառուցել են եկեղեցի: Այս փողոցի վրա են գտնվել հայ արհեստավորների արհեստանոցներն ու վաճառականների խանութները: Քաբուլից ոչ շատ հեռու հայերն ունեցել են գերեզմանատուն: Աֆղանահայ համայնքն ընդգրկված է եղել Իրանա-Հնդկաստանի թեմի մեջ:

1775-ին մեծ թվով հայ զինագործներ են բերվել Քաբուլ՝ աֆղանական բանակի զինման գործը կարգավորելու համար: Հայերը բարձր պաշտոններ են վարել աֆղանական կառավարության մեջ և բանակում: Սակայն Ա-ում կյանքի ծանր պայմանների ու մեկուսացվածության պատճառով հայերի թիվը ժամանակի ընթացքում նվազել է (1830-ին մնացել էր ընդամենը 30 ընտանիք):

XIX դ. տարբեր ճանապարհորդներ, Քաբուլ մտած անգլիացի սպաներն ու նրանց ուղեկցող հոգևորականները իրենց նոթերում հիշատակում են փոքրաթիվ հայ համայնքի գոյությունը Քաբուլում: Թեև հայերը հարուստ չէին (ապրուստի հիմնական աղբյուրը գինու վաճառքն էր),սակայն նրանց եկեղեցին պատված է եղել գորգերով, աղոթատեղին զարդարված արծաթե խաչերով ու մոմակալներով: Հայերը չեն ունեցել եկեղեցին սպասարկող հոգևորական: Անգլիացի հոգևորական Շ. Հ. Ալենի այն հարցին, թե ինչու են նրանք մնում Քաբուլում, հայերը պատասխանել են՝ «Ինչպես կարող ենք լքել մեր եկեղեցին»:

1896-ին Ա-ի ամիրա Աբդուլ Ռահման խանը իր հայ պաշտոնատար Սերվադին խանի միջոցով Քաբուլում բնակություն հաստատելու հրավեր է ուղարկել կալկաթացի 10-15 կրթված և արհեստավոր հայ ընտանիքների՝ նշելով, որ Ա-ում երբեմնի ապրող 500 հայերից միայն 21-ն են մնացել: Սակայն Կալկաթայի հայ համայնքի անունից հայկական եկեղեցու երկու ավագերեցներ մերժել են ամիրայի հրավերը (իսկ հայ պաշտոնյան, որ նպատակ ուներ ամուսնանալ հայ օրիորդի հետ և հետը տանել Ա., նույնպես մերժվել է): Հայերի հրաժարվելուց մեկ տարի անց՝ 1897-ի մարտին, նույն ամիրան անսպասելիորեն Ա-ից վտարել է բոլոր հայերին: Նրա գործողությունները թելադրվել են Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդ II-ի զգուշացումով, թե իբր հայերը վտանգավոր են: Հայերը ստիպված լքել են իրենց տներն ու եկեղեցին և ապաստան գտել Փեշավարում՝ իրենց հետ տանելով կրոնական գրքերն ու հնադարյան ձեռագրերը:

XIX դ.՝ Շահ Շուջայի օրոք, հատված ոսկե և արծաթե մետաղադրամների վրա Շահ Շուջան հիշատակվում է որպես հայ:

Ռաֆիկ Աբրահամյան