Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/106

Այս էջը սրբագրված է

ԲԵԼԱՌՈՒՍ

Բելառուսի Հանրապետություն, պետություն Արևելյան Եվրոպայում: Տարածքը՝ 207,6 հզ. կմ2 Բնակչությունը՝ 10,2 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Մինսկ (1,6 մլն): Հայերի թիվը՝ շուրջ 30 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև հաստատվել են 1993֊ին:

Հայ-բելառուսական առնչությունները սկզբնավորվել են XX դ. սկզբին՝ Ռուսաստանում հեղափոխական շարժման ծավալման շրջանում: Բ-ում հեղափոխական պայքարի կազմակերպման գործում մեծ ավանդ ունի Ալեքսանդր Մյասնիկյանը: Նա եղել է Բելառուսական Սովետական Սոցիալիստական Հանրապետության (ԲՍՍՀ) Կենտգործկոմի նախագահ (1919-ին), ապա՝ ԲՍՍՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ և ռազմական գործերի ժողկոմ:

1920-ի հուլիսին լեհական զորքերից Մինսկն ազատագրող կարմիր բանակի կազմում աչքի է ընկել Հայկ Բժշկյանի (Գայ) հեծյալ զորամիավորումը: Երկրորդ աշխարհամարտի (1939-45) ժամանակ շատ հայեր մարտնչել են Բրեստի ամրոցի կայազորի կազմում: Բ-ի ազատագրմանը մասնակցել է հայկական «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը, բազմաթիվ հայեր մարտնչել են Բ-ի պարտիզանական ջոկատների կազմում (200 հայ ռազմիկներ պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով): 1944-ին Բ-ի ազատագրմանը մասնակցել են 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերը՝ զորապետ Հովհաննես Բաղրամյանի հրամանատարությամբ: 1945-ի ապրիլից Հ. Բաղրամյանը գլխավորել է 3-րդ Բելառուսական ռազմաճակատը:

Բ-ի և Հայաստանի միջև տնտեսական և մշակութային կապերը զարգացել են խորհրդային իշխանության օրոք: Աշխույժ է եղել համագործակցությունը գրականության, թատրոնի, երաժշտության, կերպարվեստի բնագավառներում: Հայերեն են թարգմանվել բելառուս գրողներ Ցանկա Կուպալայի, Յակուբ Կոլասի, Մաքսիմ Տանկի, Պետրոս Բրովկայի, Իվան Շամյակինի երկերից, բելառուսերեն՝ հայ դասականների և ժամանակակից գրողների ստեղծագործություններից: Հայ բեմում բեմադրվել են բելառուս հեղինակներ Անդրեյ Մակայոնոկի, Միկալայ Մատուկովսկու պիեսները: 1987-ին Երևանում հյուրախաղերով ելույթ է ունեցել Մինսկի Մաքսիմ Գորկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որի կազմում էին դերասանուհիներ Բ. Մասումյանը և Օլգա Շահ-Պարոնը: Երաժշտական կապերը սերտացելեն 1970-80-ական թթ.: Հայկական և բելառուսական երաժշտական կոլեկտիվներ և անհատ կատարողներ հանդես են եկել փոխադարձ հյուրախաղերով:

Հայ համայնքը Բ-ում պաշտոնապես հիմնվել է 1989-ին (վերագրանցվել 1991-ին): Հիմնադրման նախաձեռնողներն էին Բ-ում հայտնի հայ մտավորականներ, խոշոր ձեռնարկատերեր: Համայնքը ներկայացնում է «Հայաստան» կրթական-մշակութային ընկերությունը, որն անդամակցում է Բ-ի կրոնի և ազգությունների կոմիտեին: Կազմակերպությունն ունի ավելի քան 300