Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/107

Այս էջը սրբագրված է

անդամ: Համայնքի նախագահն է Գևորգ Եղիազարյանը, որը միաժամանակ Բ-ի ազգային մշակույթների հանրապետական կենտրոնի ազգությունների խորհրդի նախագահն է:

Ըստ 1989-ի մարդահամարի տվյալների՝ Բ-ում բնակվել է 5 հզ. հայ, որից 2800-ը՝ Մինսկում: 1999-ի մարդահամարի տվյալներով՝ հայերի թիվը Բ-ում 10 հզ-ից ավելի էր: Ներկայումս (2003), ոչ պաշտոնական տվյալներով, Բ-ում կա շուրջ 30 հզ. հայ: Նրանց թվի շեշտակի աճը պայմանավորված է Հայաստանից Բ. արտագաղթածների հոսքով: Հայերն իրենց թվով զբաղեցնում են 6-րդ տեղը՝ բելառուսներից, ռուսներից, լեհերից, ուկրաինացիներից և հրեաներից հետո: Բ-ում առայժմ հայկական եկեղեցի չկա (ձեռք է բերվել այն կառուցելու թույլտվություն): 1991-ից Մինսկում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց. դասավանդվում են հայոց լեզու և պատմություն, ազգային երգ ու պար: 1998-ին հիմնվել է «Էրեբունի» երգի-պարի ազգագրական համույթը (ղեկավարներ՝ Ռուզան Ավանեսյան և Ռոբերտ Գևորգյան), որը Բ-ի Գրոդնո քաղաքում անցկացվող ազգային մշակույթների փառատոնում շահել է գլխավոր մրցանակ (2000):

Բ-ում պաշտոնապես գրանցված է չորս հայկական համայնք՝ Մինսկում, Մոգիլյովում և երկուսը Բոբրույսկում, որտեղ գործում են «Հայաստան» կրթական-մշակութային ընկերության մասնաճյուղերը:

Հայերը նկատելի դեր են խաղում Բ-ի հասարակական և մշակութային կյանքի տարբեր բնագավառներում: 2002-ին Մինսկում լույս տեսած «Բելառուսի 100 անվանի գործիչներ» տեղեկատուում հիշատակված են նաև տասը հայեր: Բելառուսի Հանրապետության հակաօդային պաշտպանության զորքերի առաջին հրամանատարն է եղել գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովը: Նրա որդին՝ Արմեն Սարդարովը, Բ-ի «Բելդորստրոյ» ճանապարհաշինական վարչության գլխավոր ճարտարապետն է: Մինսկի ստորգետնյա երկաթուղու շինարարությունն իրականացնող «Բելմետրոշին» կազմակերպության գլխավոր տնօրենն է Բորիս Սաղաթելյանը, Մինսկի «Ինտեգրալ» գործարանի փոխտնօրենն է Յուրի Բախտամյանը: Արվեստի աշխարհում մեծ հեղինակություն է վայելում Մինսկի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալտեր Մնացականովը:

Զգալի թիվ են կազմում հանրապետական մակարդակի հայ գործարարները: Ոսկան Չոբանյանը երեք տարի անընդմեջ (1999-2001) ճանաչվել է Բ-ի լավագույն և բարեխիղճ ձեռնարկատեր: Հանրապետության էստրադայի աստղերի թվում են Ստելլա Կարաօղլանովան և Իսկուհի Աբալյանը (հաղթել են Գրոդնոյի փառատոնում, դափնեկրի կոչում ստացել «Սլավյանսկի բազար» էստրադային երգի փառատոնում):

Հայ համայնքի ջանքերով Մինսկի Ալեքսանդր Նևսկի ուղղափառ եկեղեցու բակում տեղադրվել է հայերի ցեղասպանության և 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար, որտեղ նշվում են հայոց պատմության հիշարժան տարելիցները:

Արամ Սարգսյան