Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/110

Այս էջը սրբագրված է

նեությունը հովանավորելու նպատակով: Հիմնադրամն ունի վարչական խորհուրդ, որը համագործակցում է բելգիահայ համայնքի պատգամավորական ժողովի հետ: Եկեղեցու հոգաբարձության ատենապետն է Անդրանիկ Գազարյանը (1988-ից):

Ս. Մարիամ Մագդաղենացի եկեղեցի մուտք ունեն և տարին երկու անգամ պատարագ անելու իրավունք նաև հայ կաթոլիկներն ու ավետարանականները:

ԴՊՐՈՑ

Բելգիահայ համայնքում ամենօրյա հայկական դպրոցներ չկան: Հայերի (հատկապես հնաբնակների) զգալի մասը մայրենի լեզվին չի տիրապետում:

1986-ին Բրյուսելում Արբակ Մխիթարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Սևան» երկօրյա դպրոցը, որտեղ դասավանդվում է հայոց լեզու: Անցյալում ունեցել է մինչև 120 աշակերտ, 1988-ին՝ շուրջ 40: Տնօրենն է Հռիփսիմե Գարագաշյանը:

Անտվերպենում գործում է Հայ երիտասարդաց միության մեկօրյա հայկական դպրոցը՝ 30 աշակերտով:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Բելգիահայ համայնքում տարբեր տարիներ ստեղծվել են բարեգործական, մշակութային, երիտասարդական կազմակերպություններ ու միություններ, որոնց գործունեության գլխավոր առանցքը հայապահպանությունն է: Համայնքի ներքին կառավարման կանոնադրության համաձայն՝ համայնքի անդամներն ընտրում են ներկայացուցչական մարմին՝ պատգամավորական ժողով (30 հոգի), որն էլ իր հերթին ընտրում է գործադիր մարմին՝ գաղութային վարչություն (10 անդամ): Ընտրելու իրավունք են ստանում համայնքի այն անդամները, ովքեր պարբերաբար վճարում են անդամակցության տուրք (տարին 70 դոլար): Գաղութային վարչությունը կազմակերպում է համայնքի ազգային կյանքը, նպաստում հայապահպանության խնդիրների լուծմանը: Վարչության նախագահն է Միշել Մամուրյանը (1998-ից):

1980-ից Բրյուսելի համայնքում նշանակալի դեր ունի տեղի հայերի գլխավոր հավաքատեղին՝ Հայ տունը, որտեղ կազմակերպվում են բարեգործական և մշակութային միջոցառումներ: Այստեղ է գտնվում նաև ՀՀ դեսպանությունը: 1990-ից Հայ տուն է բացվել նաև Անտվերպենում (պատասխանատու՝ Տարոն Կարապետյան): Գործում են ՀԲԸՄ Բ-ի մասնաճյուղը (որի նախաձեռնությամբ 1994-ին Անտվերպենում կայացել են հայ երիտասարդների 7-րդ եվրոպական մարզախաղերը), «Արբակ Մխիթարյան» հասարակական կենտրոնը, որը հովանավորում է Բ-ում ապաստան գտած հայ փախստականներին, «ՏՕՏ Արմենի» բարեգործական կազմակերպությունը (1988-ից), Բելգիա-Հայաստան բարեկամության ընկերակցությունը, Բելգիահայ տիկնանց միությունը, Հայկական հանձնախումբը, Հայ Կարմիր խաչը, «Ամադեուս» երաժշտական հաստատությունը, Անտվերպենի հայ երիտասարդաց միությունը, որը ճանաչված է «Դեմոկրատ» անունով (Բելգիահայերի դեմոկրատական ընկերակցություն):

Բելգիահայ գաղութում ազգային կուսակցություններից առաջինը՝ ՀՀԴ տեղական կազմակերպությունը, ստեղծվել է 1997-ի հունիսին: Նրա հովանու տակ գործում են մշակութային և մարզական միություններ: 1998-ից իր աշխատանքն է սկսել Հայ դատի հանձնախումբը, որը համագործակցում է Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի հետ:

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բ-ի մի շարք գիտնականներ հետաքրքրություն են հանդես բերել հայագիտության նկատմամբ: Բ-ում հայագիտության հիմնադիրներից էր Լուվենի համալսարանի արևելյան լեզուների պրոֆեսոր, Բ-ի Ազգային ակադեմիայի անդամ, հայտնի հայագետ Ֆելիքս Նևը (1816-1893):

Հոգևոր հայրեր Ժյուլ Մատայնը և Պոլ Պետերսը թողել են ուսումնասիրություններ Հայաստանի և նրա մշակույթի մասին: 1920-ին պրոֆեսոր Լեբոնը Լուվենի համալսարանում բացել է հայոց լեզվի դասընթաց, հրատարակել Հայաստանին նվիրված ուսումնասիրություններ: Բ-ի համալսարանում հայոց լեզու են դասավանդել պրոֆ. Լեբոնը, Ն. Ադոնցը, Ա. Մխիթարյանը, Գարիտտը, Մորիս Լերուան և ուրիշներ: 1935-ին Ադոնցի նախաձեռնությամբ ստեղծվել է կոմիտե, որը ձեռնամուխ է եղել Աստվածաշնչի աշխարհաբար թարգմանությանը:

1965-ին Բ-ի Թագավորական ակադեմիայում կազմակերպվել է գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 50-ամյակին: 1985-ին Բ-ի Թագավորական ակադեմիան Մորիս Լերուայի նախագահությամբ կազմակերպել է հարցազրույց «Հայերենի դերը հնդեվրոպական լեզուների մեջ» թեմայով, որին մասնակցել են պրոֆեսորներ, նշանավոր հայագետներ, այդ թվում՝ ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին: