Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/112

Այս էջը սրբագրված է

ԲՐԱԶԻԼԻԱ

Բբազիլիայի Դաշնային Հանրապետություն, պետություն Հարավային Ամերիկայում: Տարածքը՝ 8547,4 եզ. կմ2: Բնակչությունը՝ 174 մլն (2000): Մայրաքաղաքը՝ Բրազիլիա (1,8 մլն): Հայերի թիվը՝ 25-30 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

Հայերը Բ-ում սկսել են հաստատվել XIX դ. 2-րդ կեսին: 1862-ին Ռիո Գրանդե դե Սուլ նահանգում հիշվում է «Մեստր վանեցի» անունով մի հայ, որին տեղացիները մեծարել են որպես Սանտա Կրուս քաղաքի իմաստուն: Նույն թվականին Բ-ում հիշատակվում են ևս երեք հայեր (արաբախոս), որոնք բացել են խանութներ և զբաղվել առևտրով: 1870-ական թթ. Կ. Պոլսի և Արևմտյան Հայաստանի գավառների բնակիչների փոքրաթիվ խմբեր, չհաջողելով մուտք գործել ԱՄՆ, եկել են Արգենտինա, Ուրուգվայ, ապա՝ հաստատվել Բ-ում: Երկրում հաստատված առաջին հայերից հայտնի էր Կ. Պոլսից եկած (1879-ին) ճարտարապետ Միհրան Լատիֆը: Նա նախագծել է Ռիո դե Ժանեյրոյի ծովեզրյա պողոտան: Մ. Լատիֆի Բ. գալու 100-ամյակը նշվել է մի շարք բրազիլական թերթերում («Օգլոբո», «Օրարիո» ևն): 1888-ին Բ. են տեղափոխվել խարբերդցիներ Կարապետ Գասպարյանն ու Մանուկ Շահբազյանը, իսկ 1890-ին մի խումբ սիրիահայ ոսկերիչներ, ներկարարներ, հացթուխներ: 1895-ին հայերի թիվը մոտ 100 էր:

Հայերի ավելի ստվար խմբեր (հիմնականում՝ Կիլիկիայից բռնագաղթվածներ) եկել են 1920-ական թթ. և բնակություն հաստատել առավելապես Սան Պաուլո քաղաքում ու համանուն նահանգի այլ բնակավայրերում: Համայնքի պատմության առաջին փուլը պայմանականորեն ընդգրկում է XIX դ. վերջից մինչև 1940-ական թթ. ընկած ժամանակաշրջանը, երբ հայությունը նախ և առաջ զբաղված էր նոր պայմաններին ընտելանալու և համայնքային կառույցներ ստեղծելու գործով: Արդեն 1920-ական թթ. վերջին ստեղծվել են հասարակական-քաղաքական և մշակութային կազմակերպություններ, եկեղեցական և կրթական հաստատություններ, հայրենակցական, երիտասարդական և տիկնանց միություններ: 1927-ին հիմնվել է համայնքի ազգային կյանքը կազմակերպող մարմին՝ Հայ գաղութային միությունը, 1928-ին՝ առաջին դպրոցը, 1935-ին՝ առաջին եկեղեցին:

Համայնքի պատմության երկրորդ փուլն ընդգրկում է 1950-60-ական թթ., երբ Բ. են եկել հայերի համեմատաբար խոշոր խմբեր ոչ միայն Թուրքիայից, Լիբանանից և Սիրիայից, այլև Եգիպտոսից, Ֆրանսիայից և այլերկրներից: Հայերի նոր հոսքը որոշ աշխուժություն է մտցրել համայնքային կյանքում, որը սկսել էր նկատելի նահանջ ապրել, դադարել էին գործել մի շարք միություններ, ուժեղացել ուծացման միտումները:

Երրորդ փուլում, որն ընդգրկում է 1960-ականներից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը, բրազիլահայ համայնքն էական համալրում չի ստացել: Երկրի բնակչության աճի բարձր տեմպերը և