տնտեսական դժվարությունները ստիպել են իշխանություններին սահմանափակել արտասահմանյան քաղաքացիների, այդ թվում՝ հայերի ներգաղթը: Վերջին տարիներին Հայաստանից Բ. է գաղթել ընդամենը 15-20 ընտանիք:
Ներկայումս (2003) Բ-ում բնակվում է 25-30 հզ. հայ: Հիմնական մասը (մոտ 15 հզ.) կենտրոնացած է Սան Պաուլոյում և շրջակա քաղաքներում (Օզասկո, Պրեզիդենտե Ալտինո ևն): Ռիո դե Ժանեյրոյում ապրում է մոտ 600 հայ, մայրաքաղաք Բրազիլիայում՝ մոտ 300: Մնացած մասը ցրված է երկրի տարբեր նահանգներում (Պարանա, Սեարա, Բահիա, Մատու Գրոսու, Մինաս Ժերաիս, Սանաա Կատարինա ևն):
Հայ առաջին գաղթականները ներգրավվել են հիմնականում կոշիկի արտադրության մեջ: Ժամանակի ընթացքում բրազիլահայերի նոր սերունդը սկսել է աչքի ընկնող դեր խաղալ արդյունաբերության, շինարարության, առևտրի, ֆինանսաբանկային համակարգի, գիտության, կրթության, բժշկության, արվեստի, քաղաքականության բնագավառներում: Ներկայումս Բ-ում կան հայազգի 23 դիվանագետ (այդ թվում՝ 2 դեսպան), երկրի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական, դաշնային, նահանգային և քաղաքային խորհրդարանի անդամներ, քաղաքապետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, մշակութային և ռազմական գործիչներ:
Բրազիլահայ համայնքը ղեկավարվում է իր կանոնադրությամբ (վավերացված բրազիլական կառավարության կողմից), համաձայն որի՝ ընտրվում է 40 հոգուց կազմված Ազգային ներկայացուցչական մարմին, որն իր հերթին ընտրում է Կենտրոնական վարչական խորհուրդ: Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցական, կուսակցական, հայրենակցական, բարեգործական, մշակութային, կրթական, մարզական կազմակերպությունները: Գործում են հայկական չորս եկեղեցիներ, Դուրյան, Փառեն և Ռեգինա Պազարյան ազգային ամենօրյա վարժարանները, մի քանի մեկօրյա վարժարաններ, հայկական ծերանոց, «Արարատ» հիվանդանոցը, «Սայաթ-Նովա», «Էրեբունի» երգչախմբերը: Հրատարակվում է չորս պարբերական՝ հայերեն և պորտուգալերեն, գործում է հայկական ռադիոժամ: 1964-ին Սան Պաուլոյի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում հիմնվել է հայկական ուսումնասիրությունների ամբիոն (հիմնադիր՝ պրոֆեսոր Եսայի Գռուզյան, ներկայիս ղեկ.՝ Երվանդ Թամջյան):
Համայնքում հայտնի անուններ են պատմաբան Հակոբ Քեշիշյանը, տնտեսագետ Ռոբերտո Քուչկուրյանը, փիլիսոփա Հակոբ Բազարյանը, համալսարանի պրոֆեսոր, ատամնաբուժական ֆակուլտետի դեկան Լեդա-Երանուհի Կաթալյանը, բանասեր Հայկանուշ Սարյանը, դիվանագետ Սերժիո Թութիկյանը, բարերարներ Վարուժան Բուրմայանը և Ա. Կիսաջիկյանը: 1960-ական թթ. Ուբիրախարա Քեոթենեճյանը Բրազիլիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր էր, Հրանդ Սանազարը՝ Օզասկոյի առաջին քաղաքապեւո: Հետագայում հայ պաշտոնյաների թիվն աճել է. Պեդրո Պետրոսյանը Մատու Գրոսուի նահանգապետն էր, Ֆեռնանդո Գասպարյանը՝ կոնգրեսական, Կառլո Խըռլակյանը՝ Սան Պաուլո նահանգի խորհրդարանի պատգամավոր, Ռուի Նազարյանը, Լևոն Չաքրյանը, Աշոտ Սանազարը՝ տարբեր քաղաքների խորհրդարանների անդամներ, հայազգի տնտեսագետ Անտոնիո Կանդիրը 1996-98-ին երկրի բյուջեի և պլանավորման նախարար էր, իսկ 1998-ից՝ Բ-ի խորհրդարանի պատգամավոր: Զգալի թիվ են կազմում մեծահարուստները:
Բրազիլահայերի մեծ մասը թրքախոս է կամ արաբախոս, խոսում են և պորտուգալերեն: Խառնամուսնությունները, ըստ եկեղեցու տվյալների, կազմում են 93-95 %:
Համայնքն իր մասնակցությունն է բերել համազգային ձեռնարկում-