սահմանադրությամբ: 1922-ին Ե-ի անկախության հռչակումով վերանայվել են ոչ մահմեդական համայնքներին նախկինում արված իրավունքները: Գաղութի բարձրագույն օրենսդրական մարմինը 35 հոգուց բաղկացած ընդհանուր ժողովն էր, որի նիստերը վարում էր Կահիրեում թեմի առաջնորդը: Գոյություն ուներ նաև դատական խորհուրդ, որն զբաղվում էր ժառանգության, ամուսնալուծության և այլ կարգի ընտանեկան հարցերով: 1923-ի եգիպտական սահմանադրությունն ազգային փոքրամասնություններին տվեց խղճի և դավանանքի ազատություն,հռչակեց օրենքի առջե երկրի բոլոր քաղաքացիների հավասարությունը: Ազգային փոքրամասնություններին իրավունք տրվեց ինքնուրույն վարել գաղութների ներքին գործերը: Հետագայում եգիպտական ազգային կապիտալի ճնշման տակ հայ արդյունաբերողները թուլացել են, շատերը՝ հեռացել երկրից: Ուժեղ հարված է հասցվել ծխախոտի արդյունաբերությանը: Սակայն հայերին հաջողվել է պահպանել իրենց հզորությունը մետաղամշակման և մանածագործական արդյունաբերության, տարայի արտադրության մեջ: Գործունեությունը լրիվ դադարեցրել կամ խիստ կրճատել են խոշոր առևտրական ընկերությունները: Օտարերկրյա կապիտալի ձեռքն է անցել «Ա. Ի. Մանթաշև և ընկ.» նավթարդյունաբերական և առևտրական ընկերությունը: Գործվածքների մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող բազմաթիվ ընկերություններից քչերն են կարողացել պահպանել իրենց դիրքերը: Միայն երեք հայկական առևտրական տներ շարունակել են զբաղվել ավտոմոբիլների, երկաթաքարի ու երկաթե իրերի ներմուծմանը:
1930-ական թթ. սկզբին Ե-ում խոշոր հայ հողատերեր այլևս չէին մնացել: Միայն մեծ քաղաքներում նրանց են պատկանել մի քանի եկամտաբեր տներ: Հայերը չեն զբաղեցրել նաև պետական բարձր պաշտոններ: 1944-ին հայ համայնքը մշակել և եգիպտական իշխանություններին է ներկայացրել թեմի կանոնադրության նոր տեքստ, որը հաստատվել է միայն 1955-ին: 1947-1948-ին Ե-ից հայրենադարձվել է մոտ 4 հզ. հայ: Հայրենադարձությանն աջակցել են 1945-ին ստեղծված Եգիպտահայ ազգային խորհուրդը և Ներգաղթի կոմիտեն:
1950-ական թթ. սկզբին Ե-ում կար մոտ 40 հզ. հայ: Եգիպտահայության զանգվածային արտահոսքը երկրից սկսվել է 1952-ին Ֆարուք թագավորի դեմ բռնկված ապստամբությունից հետո: 1956-ից սոցիալիզմի ուղիով ընթացող Գամալ Աբդ ալ Նասերի կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկել ազգային փոքրամասնությունների իրավունքների սահմանափակման, մասնավոր սեփականության պետականացման ուղղությամբ, ինչի հետևանքով հայ ձեռնարկատերերը լուրջ վնասներ են կրել: Երկրից ոչ մահմեդական բնակչության արտագաղթը մեծ չափեր է ընդունել: Հայերը սկսել են մեկնել ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Բրազիլիա: Սպառնալիքի տակ են հայտնվել նաև Հայ եկեղեցուն պատկանող հողերը: Ազգայնացման քաղաքականության և 1956-ի եգիպտա-իսրայելական պատերազմի հետևանքով Ե-ում 1970-ին մնացել էր մոտ 12 հզ. հայ: Հետագայում Անվար Սադաթի հռչակած «բաց դռների» քաղաքականությունը գործարար մարդկանց, այդ թվում՝ հայերին, հնարավորություն է տվել ինչ-որ չափով կայունացնել իրենց տնտեսական դրությունը: 1980-ին Ե-ի սահմանադրության մեջ մտցված ուղղումները հայ գաղութի վարչական մարմիններին թույլ են տվել եգիպտական իշխանությունների իրավասության ոլորտից դուրս բերել լուսավորության և համայնական հողերի հարցերը: Սակայն 1970-ական թթ. վերջին 1980-ի սկզբին երկրում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է, տեղի են ունեցել ընդհարումներ մահմեդականների և ոչ մահմեդականների միջև: Հայերը պահպանել են չեզոքություն, սակայն երկրից արտահոսքը չի դադարել. 1974-ին հայերի թիվը Ե-ում 10 հզ-ից մի փոքր ավելի էր:
Ներկայումս (2003) Ե-ում բնակվում է շուրջ 6 հզ. հայ. կենտրոնացած են Կահիրեում (5 հզ.) և Ալեքսանդրիայում (1000): Եգիպտահայությունը պատկանում է երկրի միջին դասին, մեծ մասամբ նրանք տարբեր բնագավառների մասնագետներ են՝ բժիշկներ, ճարտարագետներ, ճարտարապետներ, ոսկերիչներ, կաշեգործներ ևն: Հայ երիտասարդների գերակշիռ մասը համալսարանավարտ է:
Գաղութում գործում են հայկական վեց եկեղեցի, ազգային երեք վարժարան, մշակութային, բարեգործական և մարզական 10 միություն: Լույս է տեսնում երեք պարբերական: Համայնքն ունի նաև երեք գերեզմանատուն, մեկ դարմանատուն, մեկ ծերանոց: Հայերին է պատկանում 2 հզ. ֆեդդան մշակովի հող, ինչպես նաև՝ եկամտաբեր տներ Ալեքսանդրիայում: Վերջին տարիներին արտահոսքը դադարել է, և հայ համայնքն աստիճանաբար վերականգնվելու միտում ունի: Աշխուժանում են կապերը հայրենիքի հետ: Ե-