րի, խանութների, արհեստանոցների ցուցանակները գրվել են հայերեն և ռուսերեն: 1950-ական թթ. հետո հայ ազգային կյանքն սկսել է անկում ապրել: Դադարել են գործել հայկական կազմակերպությունները, փակվել է հայկական թատրոնը, հայ երեխաները սովորել են ռուսական դպրոցներում, իսկ Հայ եկեղեցին թույլ էր նրանց համախմբելու համար:
1970-ի տվյալներով` Բաքվի 1,27 մլն բնակչից ավելի քան 200 հզ-ը հայ էր: 1980-ական թթ. վերջին այստեղ բնակվել է շուրջ 300 հզ. հայ: 1990-ի հունվարի 13-19-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո դարավոր հայ համայնքը վերացել է: Հայերը հեռացել են քաղաքից` այնտեղ թողնելով իրենց ողջ ունեցվածքը:
Զաքաթալա (պատմական Ճառ) քաղաքի հայկական համայնքը ձևավորվել է XIX դ. 1-ին տասնամյակում, սակայն շրջակա մի շարք բնակավայրերում հանդիպող ճարտարապետական հուշարձանները վկայում են, որ հայերն այստեղ բնակություն են հաստատել դեռ միջնադարից: Մինչև XVII դ. սկիզբը մեծաթիվ հայեր են բնակվել Դիպան, Բուխովու, Մամրուխ ևն գյուղերում: Ազգային և կրոնական հալածանքները XVIII դ. 1-ին կեսին հարկադրել են Զաքաթալայի Թալա, Ղում և Մարսան գյուղերի հայ բնակիչներին ընդունել մահմեդականություն: Քաղաքում հաստատված հայերը (Գողթնից, Արցախից, Վրաստանից ևն) 1851-ին կառուցել են Ս. Գևորգ եկեղեցին (պահպանվել է մինչև 1980-ական թթ.), որին կից հիմնել Ս. Վարդանյան դպրոցը (գործել է մինչև 1953-ը): 1916-ին քաղաքն ուներ ավելի քան 4,5 հզ. բնակիչ, որից 2165-ը` հայ: Զբաղվել են հիմնականում առևտրով և արհեստներով: Զգալի թվով հայեր են բնակվել նաև մոտակա Կախ (Կախավան) գյուղաքաղաքում (XIX դ. վերջին` 480, 1916-ին` 365 բնակիչ, պահպանվել է եկեղեցին` հայ-վրացական համատեղ գերեզմանոցով): Զաքաթալայի հայ համայնքը անկում է ապրել 1918-20-ին Ա-ում ծավալված հակահայկական խժդժությունների հետևանքով: 1921-ին այստեղ մնացել էր 1064 հայ բնակիչ, որոնց թիվը հետագա տասնամյակներին շարունակաբար նվազել է: Վերջին 70 հայ ընտանիքները հարկադրված լքել են իրենց բնօրրանը 1988-ին:
Շամախիում (անունը հայտնի է II դարից` Սամախիոս ձևով) հայ բնակչության մասին հավաստի տվյալներ պահպանվել են XV դարից: 1471-78-ին այս շրջաններով անցել է իտալացի ճանապարհորդ Ջ. Բարբարոն. նա Շամախին տեղադրում է «Մեծ Հայաստանում»` նշելով, որ «լավ քաղաք է, ունի 4000-5000 տուն, պատրաստում է մետաքս, կտավ և ուրիշ բաներ իրենց եղանակով... և բնակիչների մեծ մասը հայ է»: Հայ փիլիսոփա, մանկավարժ Գրիգոր Տաթևացու (1346-1409) աշակերտներից մեկը եղել է Շամախուց («Հունան ի Շամախու»):
Շամախին եղել է համանուն թեմի կենտրոնը: XVI դ. Շամախու թեմի առաջնորդի նստավայրն էր Սաղիան (Սադյան) գյուղի (Շամախուց 20 կմ հեռավորության վրա) Ս. Ստեփանոս Նախավկա վանքը: Տարածաշրջանի բոլոր հայկական եկեղեցիները ենթարկվել են Շամախու թեմին: Ռուսական տիրապետության հաստատումից (XIX դ. սկիզբ) հետո Շամախու թեմը պահպանել է իր գոյությունն ու անվանումը մինչև 1920-ը, սակայն նրա ենթակայությունից դուրս են մնացել Շաքիի (Նուխի) և Արեշի եկեղեցիները:
1846-ին ստեղծվել է Շամախու նահանգը (Ռուսաստանի տիրապետության տակ անցած Շիրվանի և Շաքիի խանություններից), որը 1859-ին վերանվանվել է Բաքվի նահանգ` Բաքու կենտրոնով: Նահանգային կենտրոն Շամախին կորցրել է իր նշանակությունը. պարբերաբար կրկնվող երկրաշարժերը (1668, 1806, 1828, 1859, 1902) նվազեցրել են բնակչության, մասնավորապես` հայերի թիվը: Հայերի մեծ մասը տեղափոխվել է Բաքու, որը դարձել էր երկրամասի հայության տնտեսական, հասարակական ու հոգևոր մշակույթի կենտրոն: Ըստ` 1818-ի վիճակագրական մի ցուցակի` հայեր ապրել են Շամախու մերձակա 38 գյուղերում, ինչպես նաև Նուխի քաղաքում և մերձակա 47 գյուղերում:
1916-ին Շամախիում ապրել է ավելի քան 4,5 հզ. հայ: Քաղաքում գործել են տղաների և օրիորդաց (Ս. Սանդուխտյան) ծխական դպրոցները, Ս. Աստվածածին եկեղեցին: Մեծաթիվ հայ բնակչություն է եղել նաև Շամախու գավառում:
1916-ին Շամախու և հարևան Գյոքչայի գավառներում (վարչականորեն` Բաքվի նահանգի կազմում) գոյություն ունեին 45 հայաբնակ գյուղեր և ավաններ` ավելի քան 35 հզ. հայ բնակչությամբ: Աչքի ընկնող բնակավայրերից էին Մադրասա ավանը (4,6 հզ.), Ավանաշեն (ավելի քան 1000), Գանձակ (1,4 հզ.), Գիրկ կամ Կիրկ (2 հզ.), Գյուրջիվան (1,7 հզ.), Զարգյարան (1,6 հզ.), Հնղար (ավելի քան 1000), Ղալագահ (2,5 հզ.), Վանք (1,1 հզ.), Ուշտալ (1,5 հզ.), Քարքանջ (1,7 հզ.), Քեշխուրդ (1,1 հզ.) գյուղերը: 1918-20-ին Անդրկովկաս ներխուժած թուրքական զորքերի կազմակերպած սպանդի և մուսաֆաթական Ադրբեջանի հայահալած քաղաքականության հետևանքով նշված գավառներում հայերի թիվը խիստ կրճատվել է (1921-ին` 10,6 հզ.): Շամախի քա-