Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/151

Այս էջը սրբագրված է

վերջից՝ ուղղակիորեն Մայր աթոռ Ս. էջմիածնի ենթակայությանը:

Ներկայումս (2003) Կահիրեում գործում են Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մինաս, Ամենայն սրբոց եկեղեցիները: Ս. Խաչ եկեղեցին հանձնվել է ղպտիներին (տարին մեկ անգամ հայերն ուխտագնացություն են կատարում): Մինչև 1960-ական թթ. կեսը Կահիրեում կանգուն էր նաև Ս. Աստվածածին եկեղեցին: Ս. Մինաս եկեղեցու գերեզմանատանն են թաղված Երվանդ Օտյանը, Վահան Թեքեյանը, Սիրանույշը:

Ալեքսանդրիայում գործում են Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին (1884) և Ս. Գևորգ մատուռը (1927):

Ե-ի թեմի առաջնորդն է Զավեն արք. Չինչինյանը (1977-ից):

XVIII դ. կեսից Ե-ում գոյություն ունի նաև հայ կաթոլիկների համայնք, որը պաշտոնապես ճանաչվել է 1831-ին: Կահիրեում գործում են Ավետումն Ս. Աստվածածնի և Ս. Թերեզա հայ կաթոլիկ եկեղեցիները, իսկ Ալեքսանդրիայում՝ Անարատ հղության եկեղեցին: Ե-ի և Սուդանի հայ կաթոլիկական թեմի առաջնորդ Բուտրոս եպս. Տազան (Պետրոս Թարմունի) 1999-ին ընտրվել է Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք:

Կահիրեում և Ալեքսանղրիայում գործել են նաև հայ ավետարանական եկեղեցիներ, սակայն ներկայումս հայ ավետարանականները Ե-ում կազմակերպված համայնք չունեն:

ԴՊՐՈՑ

Ե-ում առաջին հայկական դպրոցը՝ Եղիազարյան դպրատունը, բացվել է 1828-ին, Կահիրեում՝ Ս. Աստվածածին եկեղեցուն կից: XIX դ. ընթացքում հայկական դպրոցների և սովորողների թիվն աճել է: 1897-1909-ին գործել է 6 դպրոց (աշակերտների թիվը՝ 737), 1914-17-ին՝ 11 դպրոց (աշակերտների թիվը՝ 1590): Հայկական դպրոցների մեծ մասը գոյատևել է մինչև 1952-ը (այդ ժամանակ եղել է տարբեր աստիճանների 30-ից ավելի դպրոց, սովորողների թիվը հասել է 2,6 հզ-ի, աշխատել են 110-ից ավելի դասատուներ): Հետագայում, Ե-ում ազգային փոքրամասնությունների իրավունքների սահմանափակմանը, հայկական դպրոցների թիվը պակասել է:


1958-ին Ե-ի կառավարության որոշմամբ ազգային դպրոցները դրվել են լուսավորության նախարարության հսկողության տակ: Պատմություն, քաղաքացիական իրավունք և մի շարք այլ առարկաներ հայկական դպրոցներում դասավանդվել են արաբերեն: Միաժամանակ շարունակվել է հայոց լեզվի, հայոց պատմության և կրոնագիտության հայերեն դասավանդումը:

1950-ական թթ. Ե-ից հայերի զանգվածային արտագաղթին զուգընթաց կտրուկ կրճատվել է հայկական դպրոցների թիվը: Ներկայումս (2003) Կահիրեում գործում են Գալուստյան և Նուբարյան ազգային վարժարանները (մանկապարտեզներով): Բացի այս երկու դպրոցներից, որոնք հավասարեցված են գիմնազիայի, գործում է նաև Անարատ հղության հայ կաթոլիկ քույրերի իգական վարժարանը, որը, չնայած պահպանված հայկական անվանը, ազգային ուսումնական հաստատություն չէ (աշակերտուհիների մեծամասնությունը եգիպտուհիներ են): Ալեքսանդրիայում կա մեկ դպրոց՝ Պողոսյան ազգային վարժարանը (մանկապարտեզով):

Հայկական վարժարանները գտնվում են երկրի լուսավորության նախարարության համակարգում, և կրթական բարձր մակարդակի շնորհիվ շրջանավարտներն իրավունք են ստանում, առանց մուտքի քննությունների, անվճար սովորելու Ե-ի 20 համալսարաններից ցանկացածում: Վարժարաններում դասավանդվում է չորս լեզու՝ արաբերեն, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն:

1983-ից ամեն տարի Մոնրեալի Եգիպտահայերի ընկերակցությունը կազմակերպում է եգիպտահայ վարժարանների նախկին սան-սանուհիների համաշխարհային հավաքներ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Եգիպտոսում, 2003-ին՝ Հայաստանում: Լույս է ընծայում ամենամյա տարեգիրք-հանդես (Յուշամատեան. Եգիպտահայ վարժարաններու աշակերտներու համաշխարհային հաւաք, Երևան, 2003, սեպտեմբերի 12-18):

Գալուստյան ազգային վարժարան, երկսեռ ամենօրյա ուսումնական հաստատություն: Հիմնադրվել է 1828-ին, Կահիրեում: Հիմնադիր-բարերարի անունով սկզբում կոչվել է Եղիազարյան հոգետուն, դպրատուն: Քաղաքի առաջին մասնավոր հայկական դպրոցն էր, որը թույլատրվել էր բացել «շնորհիվ այն ազդեցիկ դիրքի, որ եգիպտահայ համայնքն ուներ եգիպտական արքունիքում»: Տարրական դպրոց էր: Հիմնական առարկան կրոնն էր, դասավանդվել է նաև թվաբանություն, հայերեն և արաբերեն: Դպրատան ծախսերը կատարվել են ազգապատկան կալվածների եկամուտներից: