Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/157

Այս էջը սրբագրված է

համարից՝ շաբաթաթերթ: Հրատարակվել է 27 համար: Խմբագիր՝ Վահան Քյուչյուքյան: 1-ին համարի խմբագրականն ազդարարում է. «Պետք է բացինք հանրային «Ավել» մը, որ մաքրենք մեր աղտոտ բարքերը, ձաղկենք զեխությունները և ոչնչացնենք այն բաները, որոնք հանրության մտքին հետադիմության պատճառ կդառնան»:

«Արաքս», շաբաթաթերթ: Լույս է տեսել 1925-65-ին, Ալեքսանդրիայում: Արտոնատեր և պատասխանատու խմբագիր՝ Արամ Ստեփանյան, ապա՝ Շավարշ Ստեփանյան: Լուսաբանել է եգիպտահայերի առօրյան, անդրադարձել սփյուռքի իրադարձություններին, աջակցել հայապահպան ձեռնարկումներին: Հանդես է եկել հանուն սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդման:

«Արև», օրաթերթ: Լույս է տեսել 1908-ին, Ալեքսանդրիայում: Խմբագիր՝ Երվանդ Օտյան: 22-րդ համարից փոխանցվել է «Եգիպտոսի հայոց հրատարակչական ընկերությանը», 91-րդ համարից հետո՝ «Լուսաբերին»՝ ստեղծելով մի նոր լրագիր «Լուսաբեր-Արև»:

«Արև», օրաթերթ: ՌԱԿ Ե-ի շրջանակի պաշտոնաթերթ: 1-ին համարը լույս է տեսել 1915-ի մայիսի 11-ին, Ալեքսանդրիայում: 1924-ին տեղափոխվել է Կահիրե, որտեղ և հրատարակվում է ցայսօր: Թերթի տպագրությունը հովանավորում է Հայ ազգային հիմնադրամը: Տարբեր տարիների խմբագրել են Վահան Թեքեյանը, Միքայել Կյուրճյանը, Հովհաննես Հակոբյանը, Հակոբ Փափազյանը, Նուբար Պերպերյանը, Ավետիս Ցափուճյանը և ուրիշներ, ներկայումս՝ Հարություն Տեր-Պետրոսյանը: Լուսաբանում է գաղութի և սփյուռքի ազգային կյանքը, հայաստանյան իրադարձությունները: 1998-ի հունվարից սկսել է լույս տեսնել «Արև» օրաթերթի «Հավելված» ամսագիրը՝ արաբերեն, 16 էջ ծավալով: Խմբագիր՝ եգիպտացի պատմաբան Մուհամմեդ Ռեֆաթ: Բովանդակում է հայ և եգիպտացի ժողովուրդների պատմությանն ու մշակույթին նվիրված պատկերազարդ նյութեր, լուսաբանում նրանց դարավոր կապերն ու ազգային արժեքները՝ նպատակ ունենալով նպաստել երկու ժողովուրդների բարեկամության և համագործակցության ամրապնդմանը: Արաբերեն «Հավելվածը» հրատարակվում է Հայ ազգային հիմնադրամի և ՀԲԸՄ «Սաթենիկ Չաքըր» հիմնադրամի նյութական օժանդակությամբ:

«Արմավենի», եգիպտահայ անդրանիկ պարբերականը: Լույս է տեսել 1865-ին, Կահիրեում (ընդամենը՝ 4 համար): Հիմնադիր-տնօրեն՝ Մկրտիչ արք. Քեֆսիզյան, խմբագիր՝ Աբրահամ Մուրադյան: Ձգտել է ամրապնդել Հայ առաքելական եկեղեցու դերը համայնքի կյանքում:

«Արշալույս», ազգային, գրական, գիտական և քաղաքական եռօրյա, ապա՝ շաբաթաթերթ: Լույս է տեսել 1899-1905, 1908-14-ին, Կահիրեում: Խմբագիրներ՝ Եղիշե Թորոսյան, Գևորգ Փափազյան, Շահեն Հաճեթյան: Ազգային անկախ միության հրատարակություն: Լուսաբանել է եգիպտահայ գաղութի հասարակական կյանքը, լուսավորության և մշակույթի հարցեր:

«Եգիպտահայ տարեցույց», լույս է տեսել 1914-16-ին Կահիրեում, 1917-19, 1925-26-ին Ալեքսանդրիայում: Կազմող և խմբագիր՝ Սուրեն Պարթևյան, ապա՝ Մարտիրոս Ոսկյան, Լևոն Աճեմյան:

«Լուսաբեր», ազգային, քաղաքական, տնտեսական և գրական երկօրյա լրագիր: Լույս է տեսել 1904-1908-ին, Կահիրեում: Խմբագիրներ՝ Վահան Քյուրքչյան, Վահան Թեքեյան (կարճ ժամանակ), Արփիար Արփիարյան, Երուխան (Երվանդ Սրմաքեշխանլյան): 1-ին համարում նշված է գլխավոր նպատակը՝ «ազգային շահերու լուսաբանությունը և պաշտպանությունը»: 1909-ին միացվել է «Արև» օրաթերթին, դարձել «Լուսաբեր-Արև»:

«Լուսաբեր-Արև», ազգային և քաղաքական երկօրյա լրագիր: Լույս է տեսել 1908-13-ին, Կահիրեում: Խմբագիր-արտոնատեր՝ Վահան Քյուրքչյան, գործակցությամբ՝ Լևոն Մկրտչյանի, խմբագիր՝ Սուրեն Պարթևյան: 1913-ի մարտին լույս է տեսել լրագրի վերջին համարը: «Լուսաբերը» և «Արևը» բաժանվել են: Առաջինը, «Հուսաբեր» վերանվանվելով, շարունակել է հրատարակվել, երկրորդը՝ ժամանակավորապես դադարել է:

«Հայ դպրոց», մանկավարժական ամսագիր, Հայ ուսուցչական միության հրատարակություն: Հրատարակվել է 1933-ից, Կահիրեում: Խմբագիր՝ Բենյամին Թաշյան: Մինչև 1935-ը լույս են տեսել 1-ին հատորի 10 պրակները: Հետագայում հրատարակումը ընդհատվել է, վերստին լույս է տեսել 1938-ին (մեկ տարի):

«Հուսաբեր», ազգային, քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ: Լույս է տեսնում Կահիրեում, 1913-ից (մինչև 1926-ը՝ երկօրյա): 1923-ից՝ ՀՀԴ պաշտոնաթերթ: