Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/159

Այս էջը սրբագրված է

ԵԹՈՎՊԻԱ

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն, պետություն Աֆրիկայի հյոաիս-արևելքում: Տարածքը՝ 1104,3 հզ. կմ²: Բնակչությունը՝ 58,6 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Ադիս Աբեբա (2,4 մլն): Հայերի թիվը՝ 80-90:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության միջև հաստատվել են 1993-ին:

Հայ-եթովպական առնչությունների մասին վկայում է դեռես պատմահայր Մովսես Խորենացին՝ հիշատակելով, որ ասորեստանցիների Տետամոս թագավորի՝ Տրոյայի թագավոր Պրիամոսին ուղարկած օգնական զորքի մեջ եղել է նաև հայազգի զորավար Զարմայրը՝ եթովպական զորքով: Հայ-եթովպական կապերը սերտացել են հատկապես 451-ի Քաղկեդոնի ժալովից հետո, երբ Եթովպական ուղղափառ եկեղեցին Հայ, Ասորի և Ղպտի եկեղեցիների հետ մերժել է Բյուզանդական եկեղեցու պարաադրած որոշումները (եթովպացիները քրիստոնեությունը պետական կրոն են հռչակել 318-ին, ըստ այլ աղբյուրների՝ 340-ին): Եկեղեցական դավանական ընդհանրությունը հետագա դարերում ևս կարևոր դեր է խաղացել, որ եթովպացիները հայերի հանդեպ բարյացակամ վերաբերմունք ցուցաբերեն: Ե-ի հայ համայնքը կազմավորվել է VII դ.: Երբ արաբները, նվաճելով Սիրիան, Պաղեստինը, Եգիպտոսը, սկսել են հալածել տեղի քրիստոնյաներին, մեծ թվով հայեր գաղթելու ապաստան են գտել մերձակա քրիստոնյա երկրում՝ Ե-ում, և ներկայիս Դեսիե քաղաքի մոտ կառուցել Ս. Ստեփանոս վանքը: Հայերի հիմնած բնակավայրը հաբեշական (Ե. անվանվել է նաև Հաբեշստան, եթովպացիները՝ հաբեշներ) մատենագրության մեջ հիշատակվում է Հայկական կղզի անունով: Ս. Ստեփանոս վանքը մեծապես նպաստել է Եթովպական եկեղեցու մատենագրության, մշակութային ավանդույթների զարգացմանը: Վանքի հայրերից Գևորգ վարդապետի (Գևորգ Հայ) գրչին է պատկանում գեեզ լեզվի և եթովպական կրոնական գրականության գոհարներից մեկը՝ «Տիրամոր փառաբանությունը» (1440):

Ե-ում Հայ եկեղեցու հեղինակության բարձրացումն անխզելիորեն կապված է եթովպացի մեծագույն սրբերից մեկի՝ Մակաբա Էկզիեի (Ս. Եվստաթեոս, XIV դ.) անվան հետ, որն իր կրթությունը ստացել է Ս. Ստեփանոս վանքում: Եվստաթեոսի գործունեությունն այնքան սերտ է եղել Հայ եկեղեցու հետ, որ նրան հաճախ հայ են համարել: Համաձայն վարքի՝ Եվստաթեոսը Հայաստան է այցելել երեք անգամ: Վերջին այցելության ժամանակ 14 տարի ապրել է Կիլիկիայում և այստեղ էլ մահացել 1358-ին, թաղվել հայկական եկեղեցում: Հայ եկեղեցու բարոյական ազդեցությամբ կատարված բարեփոխումների շնորհիվ եթովպացիները մեկընդմիշտ ճանաչել են Հայ եկեղեցու առաջատարությունն Արևելյան եկեղեցիների մեջ: Այս ճանաչման արդյունքում Հայ եկեղեցու մի շարք սրբեր (ս. Գրիգոր Լուսավորիչ, ս. Հռիփսիմե, ս. Գայանե) և ավանդույթներ տեղ են գտել եթովպական Հայսմավուրքի մեջ: