Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/162

Այս էջը սրբագրված է

դպրոցը և եկեղեցին: Ե-ի ազատագրումից հետո հայկական հաստատությունները վերաբացվել են: Ազգային կյանքը կրկին աշխուժացել է:

Ե-ում հայտնի աբստրակտ գեղանկարիչ էր Ալեքսանդր (Սքանդեր) Պողայանը (1969-ին տեղափոխվել է ԱՄՆ, վախճանվել է 2003-ին՝ Վաշինգտոնում): Արժանացել է Ե-ի կայսր Հայլեսելասիեյի Ա-ի գեղարվեստի մրցանակին (1965):

1974-ի հեղափոխությունից հետո Ե-ում ստեղծված տնտեսական ծանր կացության (զանգվածային գործազրկություն, բազմամյա երաշտ ևն) հետևանքով տեղի հայերի մեծ մասը կորցրել է ունեցվածքը և արտագաղթել երկրից: Ներկայումս (2003) Ե-ում մնացել է շուրջ 80 հայ (բնակվում են միայն Աղիս Աբեբայում): Համայնքի նախագահն է Վարդգես Նալբանդյանը, պատասխանատու անդամներից է Վահե Թիլբյանը: Հայերի զգալի մասը գործարարներ են, արհեստավորներ: Այժմ էլ հայ գործարարի է պատկանում մայրաքաղաքի ամենահայտնի և ամենախոշոր գորգերի խանութը:

Հայ ժողովրդի համար դժվարին օրերին եթովպահայ համայնքն իր հնարավորությունների չափով օգնել է հայրենիքին: 1915-ին կազմակերպել է միություններ, որոնք ընդունել, տեղավորել և աշխատանքով են ապահովել եղեռնից փրկված հայրենակիցներին: Կազմակերպել է հանգանակություններ Շիրակի (1926) և Սպիտակի (1988) երկրաշարժերից տուժած հայրենակիցներին օգնելու համար: Երկրորդ համաշխարհային պա¬ տերազմի տարիներին եթովպահայերը հանգանակել են 1300 անգլիական ոսկի «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման համար ևն:

Ադիս Աբեբայում հայ համայնքը կազմավորվել է XIX դ. 2-րդ կեսին՝ քաղաքի հիմնադրման առաջին տարիներին (Ադիս Աբեբան հիմնադրել է Մենելիք II կայսրը, 1887-ին): Այստեղ է գործում ամբողջ եթովպահայության ղեկավար մարմինը՝ Եթովպահայ գաղութային ժողովը: Երկար տարիներ տեղի հայ համայնքի ղեկավարն է եղել Ավետիս Թերզյանը (Սարգիս Թերզյանի որդին):

Ադիս Աբեբայում կա հայկական երկու գերեզմանատուն (հին և նոր):

Դիրեդավայում հայերը հաստատվել են 1902-ին՝ երկաթուղու շինարարությանը մասնակցելու նպատակով: Շինարարության ավարտից հետո նրանց մի մասը մնացել է և հիմնել փոքրաթիվ համայնք, որը ստեղծել է վարչական մարմին, 1927-ին կառուցել Ս. Մինաս մատուռը:

Հարարի հայ գաղութի կորիզն են կազմել 1894-96-ի թուրքական ջարդերից փրկված արևմտահայերը: 1916-ին Հարարում ապաստանել են շուրջ 200 հայ գաղթականներ, զբաղվել են արհեստներով, նաև առևտրով:


ԵԿԵՂԵՑԻ

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ե-ի հոգևոր հովվությունն ընդգրկված է Եգիպտոսի թեմի կազմում: Կենտրոնը Ադիս Աբեբայի Ս. Գևորգ եկեղեցին է: 2003-ից եթովպահայ համայնքի հոգևոր հովիվն է Գալուստ վրդ. Դարբինյանը: 1980-2003-ին համայնքը հովվել է Վարդգես ավ. սարկավագ Նալբանդյանը:

Դեռևս VII դ. ներկայիս Դեսիե քաղաքի մերձակայքում հայերը կառուցել են Ս. Ստեփանոս եկեղեցին (կանգուն էր մինչև 1527-ը): XVI դ. հայ հոգևորականները հիմնել են վանքեր (Գեբրա Մարիամ ևն):

Դիրեդավա քաղաքում 1927-ին կառուցվել է Ս. Մինաս մատուռը: 1923-ին Ադիս Աբեբայում կառուցվել է Ս. Մարիամ մատուռ-աղոթատեղին, 1934-ին Միհրան Մուրադյանի բարերարությամբ կառուցվել է Ս. Գևորգ եկեղեցին (գործում է ցայսօր):


ԴՊՐՈՑ

Ե-ում հայկական առաջին դպրոցը՝ Ազգային արարատյան վարժարանը, բացվել է 1918-ին, Ադիս Աբեբայում (մինչ այդ՝ 1915-ից գործել է Օվսաննա Ճերահյանի «Ծաղկոցը»՝ 20 աշակերտով): 1932-ին ջիբութաբնակ վաճառական Մաթիկ Գևորգովի [1920-ին նշանակվել էր Հայաստանի Հանրապետության (1918-20) դեսպանը Ե-ում] բարերարությամբ կառուցվել է դպրոցի երկհարկանի շենք, և գործող դպրոցները միավորվելով՝ վերանվանվել են Ազգային Գևորգով վարժարան: Ունի մանկապարտեզ և տարրական դասարաններ: Վարժարանում դասավանդում են հայոց լեզու, հայոց պատմություն, աշխարհագրություն, կրոն, նաև ամհարերեն (Ե-ի պետական լեզուն), անգլերեն, ֆրանսերեն: 1960-ական թթ. սկզբին վարժարանում սովորել է 190 հայ երեխա (100-ը՝ նախակրթարանում, 90-ը՝ մանկապարտեզում), աշխատել է 17 ուսուցիչ: 1996-ին աշակերտների թիվը 100 էր, որոնցից հայ երեխաներ՝ 11-ը (այդ թվում՝ 6 խառնածին):


ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Եթովպահայ համայնքը 1920-ական թթ-ից ղեկավարում է Եթովպահայ գաղութային ժողովը, որը ներկայացնում է համայնքը երկրի իշխանությունների առաջ (ընտրվում է 4 տարի ժամկետով):