Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/164

Այս էջը սրբագրված է

ԷՍՏՈՆԻԱ

Էստոնիայի Հանրապետություն, պետություն Արևելյան Եվրոպայում: Տարածքը՝ 45,1 հզ. կմ²: Բնակչությունը՝ 1,7 մլն (2001): Մայրաքաղաքը՝ Տալլին (500 հզ.): Հայերի թիվը՝ շուրջ 2 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

Հայերը Է-ում բնակություն են հաստատել XIX դարից: Առաջին բնակիչները եղել են Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանի հայ ուսանողները: Այստեղ 1830-ական թթ-ից տարբեր ժամանակներում ուսանել են գրող Խաչատուր Աբովյանը, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, բանաստեղծներ Ռափայել Պատկանյանը, Գևորգ Դոդոխյանը, Գևորգ Միրիմանյանը, արևելագետ Քերովբե Պատկանյանը և ուրիշներ:

XIX դ. 2-րդ կեսին–XX դ. սկզբին Դորպատի համալսարանում սովորել է շուրջ 200 հայ ուսանող: Գործել է Հայ ուսանողների միություն: Նրանցից ոմանք, ավարտելով համալսարանը, որոշ ժամանակ ապրել և աշխատել են Է-ում: Վարդան Աբովյանը՝ Խ. Աբովյանի որդին, Դորպատի համալսարանն ավարտելուց հետո, երկու տարի աշխատել է Ֆելլին (այժմ՝ Վիլյանդի) քաղաքի դպրոցում, դասավանդել ռուսաց լեզու և գրականություն:

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Է-ում մշտական բնակություն են հաստատել հակահիտլերյան կոալիցիայի կողմից կռված և Է-ում գերմանական գերության մեջ եղած, ինչպես նաև խորհրդային բանակից զորացրված հայեր: Հետագա տարիներին (Է-ում խորհրդային իշխանության ժամանակաշրջանում) այստեղ հաստատվել են Ռուսաստանից և Խորհրդային Միության այլ հանրապետություններից գործուղված հայ մասնագետներ: 1989-ի մարդահամարի տվյալներով՝ Է-ում բնակվել է 1600 հայ: Ներկայումս (2003) հայերի թիվը երկրում շուրջ 2 հզ. է: Բնակվում են հիմնականում Տալլինում և Տարտուում, սակավ թվով՝ Նարվայում, Պյառնուում, Կոհտլա Յարվեում ևն: Հայերի մեջ զգալի թիվ են կազմում մտավորականները՝ ճարտարագետներ, բժիշկներ, մանկավարժներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, արդյունաբերական և առևտրական ընկերությունների ղեկավարներ:

Հայերի համայնքային կյանքն սկզբնավորվել է 1980-ական թթ. վերջին՝ համընկնելով Է-ում ծավալված ժողովրդավարական գործընթացներին և Ղարաբաղյան շարժման առաջ բերած ազգային զարթոնքին: 1989-ին Է-ի իշխանությունները