Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/166

Այս էջը սրբագրված է

Ընկերության նախաձեռնությամբ 1989-ի ապրիլին Հաապսալու քաղաքի այն տան պատին, որտեղ իր մանկությունն է անցկացրել հայ ժողովըրդի բարեկամ, էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլլը («Բյուլլ մայրիկ»), փակցվել է հուշատախտակ՝ էստոներեն և հայերեն մակագրությամբ:

Տարտուի Հայկական ազգային միավորում, մինչև 1997-ը կոչվել է Տարտուի Խ. Աբովյանի անվան հայկական մշակութային ընկերություն, կազմակերպվել է 1989-ի մարտին: Նպատակն է ծանոթացնել հայ ժողովրդի հոգևոր արժեքներին, էստոնահայերի համար պայմաններ ստեղծել մայրենի լեզուն, պատմությունը և ազգային մշակույթը ուսումնասիրելու համար: Հիմնադրման օրվանից ընկերության վարչությունը գլխավորում է պատմաբան Ռաֆիկ Գրիգորյանը: Անդամների թվում կան նաև էստոնացիներ և ռուսներ: Ընկերության պատվավոր անդամ է Կալիֆոռնիայի համալսարանի (Բերկլի) պրոֆեսոր, բանասեր Բորիս Գասպարովը:

Ընկերությունը նշում է Հայաստանի պատմության նշանակալի տարեթվերը: Հայերի հավաքները տեղի են ունենում Հայ-էստոնական բարեկամության հուշարձանի (տեղադրվել է 1978-ին) մոտ: Ընկերության անդամները հանրապետական մամուլում հրապարակում են հոդվածներ՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, Հայաստանի Հանրապետության տնտեսական վիճակին, արցախահայության պայքարին:

ՄՇԱԿՈՒՅԹ
Տալլինի և Տարտուի հայկական ազգային միավորումների նախաձեռնությամբ երկրի հեղինակավոր սրահներում պարբերաբար կազմակերպվում են հայ արվեստի ցուցահանդեսներ, համերգներ ևն: Հիշատակելի է 1991-ին Տալլինում կազմակերպված «Հայաստանի տուն» փառատոնը, որի շրջանակներում տեղի են ունեցել էստոնահայ և հայաստանցի գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, մշակութային այլ միջոցառումներ: 1993-ին Տալլինում կազմակերպված էստոնահայ նկարիչների և քանդակագործների ստեղծագործությունների ցուցահանդեսն արժանացել է հանրապետական մամուլի բարձր գնահատանքին:

Համայնքում հայտնի անուններ են գեղանկարիչներ Աշոտ Թանդելյանը, Վահան Անանյանը (Կիլպ-Վահան), Արագած Կալաչյանը, Աշոտ Եղիկյանը, Ալբերտ Մամյանը, քանդակագործներ Ռաֆայել Հարությունյանը, Ռաֆայել Դանիելյանցը, երգահան Բորիս Փարսադանյանը, ջութակահար Հասմիկ Աղիկյան-Մատսովը, դաշնակահար Անդրանիկ Քեչեկը: Տալլինում մինչև 1996-ը գործել է գեղանկարիչ Արսեն Կլյանի գեղարվեստի դպրոցը:

Տալլինում է ապրել թարգմանիչ և բանաստեղծ Յուրի Շումակովը (1914–97), որը դեռևս 1930-ական թթ. առաջին անգամ էստոներեն է թարգմանել հայ բանաստեղծների երկերը: Երկրում հայ արվեստը ներկայացնելու և հայ-էստոնական մշակութային կապերը զարգացնելու գործում կարևոր դեր է կատարում Տալլինի Հայ մշակույթի կենտրոնը:

ՄԱՄՈՒԼ ԵՎ ՌԱԴԻՈ
1989–91-ին Տալլինում հրատարակվել է տեղի հայկական մշակութային ընկերության «Վահագն» ամսաթերթը (ընդամենը՝ 14 համար, խմբագիր՝ Անդրանիկ Գյուլգյուլյան): Թերթը լուսաբանել է էստոնահայ համայնքի կյանքը, հրապարակել հոդվածներ՝ նվիրված հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմությանը, լրատվական նյութեր՝ Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին (հայերեն և ռուսերեն):

1992-ին Գոհարիկ Վարդանյանի, Ավետիք Աբալյանի և Յուրի Վարդանյանի ջանքերով էստոնական պետական ռադիոյում հիմնադրվել է «Ծիծեռնակ» հայկական ռադիոհաղորդումը: Առաջին հաղորդումը եթեր է տրվել մայիսի 28-ին և կանոնավոր հեռարձակվում է ցայսօր (շաբաթը մեկ անգամ, 30 րոպե): Իրազեկում է Հայաստանի և Արցախի քաղաքական ու մշակութային իրադարձություններին, եթեր արձակում գիտական և պատմական, կրոնական թեմաներով հաղորդումներ, հայկական երաժշտություն ևն:

Յուրի Վարդանյան (Էստոնիա)