Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/171

Այս էջը սրբագրված է

Ազգային-կրոնական հարցերը կարգավորելու համար 1860-ին Կ. Պոլսի պատրիարքարանն ընդունել է Ազգային սահմանադրությունը, որը զգալի կրճատումներով սուլթանական կառավարությունը հաստատել է միայն 1863-ին (ուներ 99 հոդված): Ըստ սահմանադրության՝ Կ. Պոլսի հայոց պատրիարքը ճանաչվում էր «ազգի ղեկավար և միջնորդ՝ պետութեան ու հայ ժողովրդի միջև», իսկ հայ ազգի յուրաքանչյուր անհատ պարտավորություն ուներ ազգի հանդեպ, ազգը՝ յուրաքանչյուր անհատի: Ազգային սահմանադրության գործողությունը դադարեցվել է 1915-ին, թեև նրա որոշ դրույթներ այժմ էլ գործածվում են կանոնակարգելու Կ. Պոլսի հայոց պատրիարքության և հայ համայնքի հարաբերությունները պետության հետ:

Թ-ում հայկական եկեղեցիներին կից գործել են ծխական դպրոցներ: Առաջին կանոնավոր դպրոցը հիմնվել է 1715-ին, Կ. Պոլսում: Հայկական առաջին տպարանը Աբգար դպիր Թոխաթեցու և նրա որդի Սուլթանշահի կողմից հիմնվել է 1567-ին, որն առաջինն էր ոչ միայն Օսմանյան կայսրության, այլև Առաջավոր Ասիայի տարածքում: Թ-ում ընդհանուր առմամբ գործել է ավելի քան 30 տպարան: Առաջին հայկական պարբերականը՝ «Լրո գիրը», լույս է տեսել 1832-ին, Կ. Պոլսում: Ցայսօր լույս է տեսել 450 անուն պարբերական:

Դարեր շարունակ հայերը հալածանքների են ենթարկվել Թուրքիայում (Օսմանյան կայսրությունում): 1894-96-ին, Աբդուլ Համիդ II-ի օրոք, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպվել են հայերի զանգվածային ջարդեր (շուրջ 300 հզ. հայ սպանվել է, մոտ այդքանն էլ լքել հայրենի երկիրը և տարագրվել): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-ի վերջից և հատկապես 1915-ի գարնանից) Օսմանյան կայսրության ողջ տարածքում իրականացվել է երիտթուրքական կառավարության կողմից նախապես ծրագրված ցեղասպանության քաղաքականությունը: Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից, Փոքր Ասիայից հայ բնակչությունը զանգվածաբար տեղահանվել և բռնի քշվել է հիմնականում Միջագետքի անապատները: Այդ կարավանները, թուրքական իշխանությունների հրահանգներով, ենթարկվել են քրդերի և թուրք չեթեների հարձակումներին՝ կրելով սարսափելի կորուստներ: Տեղ էր հասնում բռնագաղթած հայերի ընդամենը 10 %-ը: 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալվել և Անատոլիայի խորքերն են աքսորվել ավելի քան 800 արևմտահայ մտավորականներ: Երիտթուրքերի իրագործած ցեղասպանության հետևանքով 1915-22-ին սպանվել է 1,5 մլն հայ, մոտ 800 հզ-ը դարձել փախստական՝ ապաստան գտնելով տարբեր երկրներում:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին, Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից դուրս, Կ. Պոլսում, Արևելյան Թրակիայում, Փոքր Ասիայի և Պոնտոսի վիլայեթներում ապրում էր ավելի քան 750 հզ. հայ: Մեծ եղեռնի տարիներին նրանց թիվը էապես կրճատվել է և 1918-ին կազմել 260 հզ.: 1921-22-ին բազմաթիվ հայեր կոտորվել են քեմալականների կողմից, հազարավոր հայեր հարկադրված կրկին գաղթել են Թուրքիայից:

Ներկայումս (2003) Թ-ում բնակվում է շուրջ 80 հզ. հայ, որից շուրջ 70 հզ-ը՝ Ստամբուլում (Կ. Պոլիս), որտեղ և կենտրոնացած է հայ կյանքը: Մյուսները տեղաբաշխված են Ամասիայում, Անկարայում, Բողազլյանում, Թոքաթում (Թոխաթ, Եվդոկիա), Իսկենդերունում (Ալեքսանդրետ), Կայսերիում (Կեսարիա), Կաստամոնիում, Սամսունում (Ամիսոս), Տրապիզոնում, Քյոթահիայում (Կուտինա), Օրդուում ևն: Զգայի թիվ են կազմում (տարբեր տվյալների համաձայն՝ 500 հզ. - 1 մլն) մահմեդականացված հայերը, որոնք կենտրոնացած են Մերձսևծովյան շրջաններում (Խոփա, Արտաշեն, Համշեն, Տրապիզոն ևն) և Արևմտյան Հայաստանի հյուսիսարևմտյան մասերում: Թ-ի գավառներում ապրող հայերի մեծ մասը թրքախոս է (կամ՝ քրդախոս): Գավառներում հայերը զբաղվում են գյուղատնտեսությամբ, քաղաքներում՝ առավելապես արհեստներով, առետրով:

Թ-ում հայկական քաղաքական կուսակցություններ ու կազմակերպություններ չկան: Գործում են համայնքային հաստատություններ, եկեղեցիներ, վարժարաններ, սանուց միություններ, դպրաց դաս երգչախմբեր, մշակութային ու մարզական կազմակերպություններ, որոնք հենվում են Կ. Պոլսի հայոց պատրիարքության և նրան ենթակա հիմնարկների վրա:

Բարձրագույն վարժարաններից են Կեդրոնականը, Էսայանը, Սահակյան-Նունյանը, Սուրբ Խաչ