Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/177

Այս էջը սրբագրված է

քով), 1319-ին (Երկրաշարժից հետո) Անիից և շրջակայքից շատ հայեր ապաստանել են Տրապիզոնում, որտեղ արհեստների և առևտրի զարգացմամբ շահագրգռված կայսրերը նրանց հատկացրել են առանձին թաղամաս: 1414-ին հայերը հիմնել են Ս. Աստվածածին, մի քանի տարի անց՝ Չարխափան կամ Ս. Ստեփանոս (իշխան խոջա Շամշադինի միջոցներով), այնուհետև՝ Ս. Օգսենտ և Ս. Հովհաննես (XV-XVI դդ.) եկեղեցիները: 1424-ին Կոմնենոսների օժանդակությամբ սկսվել է Ամենափրկիչ վանքի կառուցումը, որը 1461-ին կողոպտել և ավերել են թուրքերը: Հայկական եկեղեցիները թուրքական նոր կողոպուտի են ենթարկվել XVI դ. սկզբին՝ սուլթան Սելիմ Ահեղի հրամանով: XVI դ. Տրապիզոնում հիմնվել է հայկական առաջնորդարան, հայ գրչության կենտրոն է դարձել վերակառուցված Ամենափրկիչ վանքը: 1765-72-ի դերեբեյական (ներցեղային) կռիվների ժամանակ բազմաթիվ հայեր Տրապիզոնից հեռացել են Ջանիկ, Կ. Պոլիս, Ղրիմ, կրկին ավերվել են հայկական եկեղեցիները: XIX դ. սկզբից, ի հաշիվ շրջակա հայկական գյուղերի, Տրապիզոնի հայ բնակիչների թիվը վերստին աճել է՝ 1857-ին հասնելով մոտ 4 հզ-ի: 1840-ին քաղաքում բացվել է հայկական վարժարան, ապա՝ ազգային դպրոցներ, 1857-ին կազմակերպվել են Գայանյան ընկերությունը, Հայկազյան, Սյունյաց, Ս. Ստեփանոսի և Ուսումնասիրաց ընկերությունների մասնաճյուղերը: XIX դ. կեսին հիմնվել է հայկական տպարան, որտեղ լույս են տեսել «Խարիսխ», «Գեղջուկ», «Մոծակ», «Պոնտոս», «Բժիշկ» պարբերականները: Քաղաքի առևտրի և արհեստագործության բոլոր ճյուղերը գտնվել են հայերի ձեռքին (Սրապյաններ, Մառանյաններ, Թահմազյաններ, Մինասյաններ, Կյուրեղյաններ, Խայաններ, Ազնավուրյաններ): 1895-96-ի համիդյան կոտորածների ժամանակ բազմաթիվ հայեր զոհվել են, շատերը գաղթել են Սոչի, Գուդաութա, Բաթում, Ղրիմ և այլուր: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին (1914) Տրապիզոնում ապրում էր մոտ 15 հզ. հայ: Մեծ եղեռնի ժամանակ նրանց մի մասը կոտորվել է գաղթի ճանապարհին, Ջանիկի լեռներում, իսկ քաղաքում մնացածները նավերով դուրս են բերվել ծով և ջրահեղձ արվել: 1916-ին, ռուսական զորքերի կողմից Տրապիզոնի գրավումից հետո, շուրջ 500 հայեր վերադարձել են, իսկ 1918-ին, քաղաքը թուրքերին անցնելուց հետո, վերստին գաղթել են Ռուսաստան և այլ երկրներ: Տրապիզոնում են ծնվել գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանը, դերասաններ Համբարձում Խաչանյանը և Արման Կոթիկյանը:


ԵԿԵՂԵՑԻ

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն, Պատրիարքություն հայոց Թուրքիո, Հայաստանյայց առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից: Ստեղծվել է 1461-ին: Աթոռանիստը՝ Գումգափուի Ս. Աստվածածին մայր եկեղեցի:

Մինչև պատրիարքության հաստատումը օսմանյան պետության սահմաններում ապրող հայ համայնքներն ընդգրկված են եղել երեք թեմերում. Սվազի, կենտրոնը՝ Ս. Նշան վանք, Անկարայի (էնկյուրիի), կենտրոնը՝ Ս. Աստվածածին կամ Կարմիր վանք, Բրուսա (Պրուսա) - Քյոթահիա (Կուտինա) - Կարամանի, կենտրոնը՝ Բրուսա:

XIV դ. սկզբին Կ. Պոլսում գործել են Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները, կաթոլիկ Ս. Նիկողայոս եկեղեցու մի մասը, որը հատկացվել էր հայածես արարողությունների համար: Կ. Պոլսի առաջին պատրիարք է դարձել Հովակիմ Պրուսացի եպիսկոպոսը (1461-78), որի աթոռանիստն էր Սամաթիայի Ս. Գևորգ եկեղեցին: 1641-ից պատրիարքարանը տեղափոխվել է Գումգափու, որտեղ և գտնվում է ցայսօր:

Կ. Պոլսի հայոց պատրիարքներն օժտված էին կրոնական և աշխարհական մասնակի իրավունքներով: Նրանք տնօրինել են Թուրքիայի վարչական իրավասության ներքո գտնվող հայության կրթությունն ու լուսավորությունը, տպագրության գործը, բարեգործական և մշակութային հաստատությունները, պետության և համայնքի օգտին հավաքել հարկեր: Օսմանյան կայսրության սահմանների ընդարձակմանն ու զորացմանը զուգահեռ ընդարձակվել են նաև պատրիարքության իրավասության աշխարհագրական սահմանները, բարձրացել նրա դերն ու հեղինակությունը, քանի որ պետության տարածքում բնակվող հայության պաշտոնական ներկայացուցիչ է ճանաչվել Կ. Պոլսի հայոց պատրիարքը:

XVII դ. սկզբին պատրիարքության իշխանությունը տարածվել է օսմանյան տիրակալության բոլոր հայաբնակ շրջանների վրա: Սսի և Աղթամարի կաթողիկոսները, Երուսաղեմի հայոց պատրիարքն իրենց առաջնորդության իրավունքը զիջել են Կ. Պոլսի պատրիարքին: 1700-