շակերտության, ուսուցչության և հասարակության ներկայացուցիչների միացյալ ժողովը որոշել է ստեղծել Միակամ ընկերությունը, որն ստանձնել է ճեմարանի հոգատարությունը: Կ. Պոլսի հայոց պատրիարքը հաստատել է նոր հոգաբարձություն (22 արհեստավոր, 2 ամիրա): Ամիրաների միջամտությամբ թուրքական կառավարությունը ոչ միայն չի հաստատել հոգաբարձությունը, այլև ձերբակալել է անդամներին: 1841-ին ճեմարանը փակվել է, վերաբացվել 1846-ին: 1859-ին ընկնելով նյութական ու քաղաքական ծանր կացության մեջ՝ վերջնականապես փակվել է: Ճեմարանում դասավանդել են Հ. Թուլյանը, Ս. Փափազյանը, Ա. Տեր-Սահակյանը, Մ. Սրապյանը և ուրիշներ: Սաներից են եղել Կ. Ութուճյանը, Հ. Ալաջաջյանը, Մ. Մելիքյանը, Մ. Մեզպուրյանը, Ե. Դուրյանը, Զ. Ասատուրը, Ա. Վրույրը և ուրիշներ:
Նարեկյան վարժարան, երկսեռ նախակրթարան: Հիմնվել է 1846-ին, Կ. Պոլսի Պեյօղլի թաղամասում: Դասավանդվել են հայերեն, թվաբանություն, վայելչագրություն, կրոն, ձեռքի աշխատանք ևն: 1877-ին վարժարանը տեղափոխվել է Ս. Հարություն եկեղեցուն կից շենքը: Պատրաստել է դիմորդներ միջնակարգ դպրոցների համար, նպաստել ժողովրդի մեջ գրագիտություն տարածելու գործին: Հետագայում վարժարանի համար կառուցվել է նոր շենք, որտեղ 1895-ին Նարեկյան վարժարանի հիմքի վրա ստեղծվել է Էսայան վարժարանը:
Մեզպուրյան վարժարան, հիմնվել է 1865-ին, Կ. Պոլսի Գումգափու թաղամասում՝ Մկրտիչ Մեզպուրյանի նախաձեռնությամբ: Սկզբում եղել է երկսեռ նախակրթարան: 1879-ին տեղափոխվել է Սկյուտար և վերածվել իգական երկրորդական (միջնակարգ) ուսումնական հաստատության: Նպատակն էր պատրաստել գրագետ մայրեր, ուսուցչուհիներ: Ուներ երեք բաժանմունք՝ մանկապարտեզ, նախակրթարան և ուսումնարան: Ուսուցանվել է հայերեն (գրաբար, աշխարհաբար), ֆրանսերեն, թուրքերեն, հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, հանրահաշիվ, երկրաչափություն, բնագիտություն, երաժշտություն, ձեռագործ ևն: 1896-ին վարժարանը փակվել է միջոցների սղության պատճառով: 1900-ին Հ. Փալագաշյանի և նրա քույրերի աջակցությամբ, Մեզպուրյան վարժարանի հիման վրա, Գատըգյուղում ստեղծվել է Փալագաշյան գիշերօթիկ երկսեռ դպրոցը:
Գալֆայան ճեմարան-վարժարան, իգական միջնակարգ դպրոց: Հիմնվել է 1866-ին, Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում՝ Սրբուհի Գալֆայանի նախաձեռնությամբ: Առաջին աշակերտները եղել են 1865-ի ժանտախտի հետևանքով որբացած հայ աղջիկները: Վարժարանը պահպանվում է իր կալվածքների հասույթներով, նպաստներով, սանուհիների անձնական աշխատանքի արդյունքով: 1871-ին դպրոցը տեղափոխվել է նոր շենք: 1876-1926-ին գործել է միջնակարգ դպրոցի ծրագրով: 1972-73 ուսումնական տարում ունեցել է ավելի քան 100 աշակերտուհի:
Նուբար-Շահնազարյան վարժարան, միջնակարգ (երկրորդական) դպրոց: Հիմնվել է 1866-ին, Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում: Սկզբնապես կոչվել է Նուբար-Շահնազարյան ժառանգավորաց գիշերօթիկ վարժարան: Ուսուցանվել են հայերեն, ֆրանսերեն, տաճկերեն, անգլերեն, թվաբանություն, հանրահաշիվ, երկրաչափություն, տիեզերագիտություն, հաշվապահություն, ընդհանուր և ազգային պատմություն, աշխարհագրություն ևն: Դասավանդել են Ն. Վարժապետյանը, Ա. Գրիգորյանը, Հ. Խորասանճյանը: Սովորել են Գ. Զոհրապը, Ե. Տեմիրճիպաշյանը, Մ. Չերազը, Հ. Նիկողոսյանը և ուրիշներ: Դպրոցը հրապարակել է «Երկրագունդ» (1870-71) շաբաթաթերթը: 1876-ին վարժարանը փակվել է. սովորողները և ուսուցիչները տեղափոխվել են Ներսեսյան վարժարան:
Արամյան-Ունճյան վարժարան, երկսեռ վարժարան Կ. Պոլսի Գատըգյուղ թաղամասում: 1874-ին հիմնվել է Արամյան վարժարանը, որը միացել է 1912-ին հիմնված Ունճյան վարժարանին և վերանվանվել (1912) Արամյան-Ունճյան: Հիմնադիր՝ Ժիրայր Ճանկյոգյան: Նորոգվել է 1962-ին: Ունի մանկապարտեզ, նախակրթարան և միջնակարգ բաժիններ: Տարբեր տարիների վարժարանում դասավանդել են Մելիքսեդեկ արք. Մուրադյանը, Եղիշե արք. Դուրյանը, Ա. Խորասանճյանը, Ս. Կուրտիկյանը, Հ. Աճառյանը, Հ. Հինդլյանը և ուրիշներ: Ունի 161 աշակերտ:
Պերպերյան վարժարան, միջնակարգ (երկրորդական) դպրոց: Հիմնվել է 1876-ին, Կ. Պոլսի Գատըգյուղ թաղամասում՝ Ռեթեոս Պերպերյանի ջանքերով: Ունեցել է նախապատրաստական, նախակրթական, ուսումնական բաժիններ (ցերեկային և գիշերօթիկ): Բարձր դասարաններում ուսուցումը կատարվել է ըստ մասնագիտացումների՝ գիտական, գրական, առևտրական, մանկավարժական: Դասավանդել են հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն: Լրիվ դասընթացն ավարտողը ստացել է դպրության կամ գիտության